Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 20, 2010 22:43

Կարճատև   աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Ողջունելով իր հայ գործընկերոջը` Դմիտրի Մեդվեդևն ասել է. “Հայաստանի հետ մեր կանոնավոր շփումների շրջանակում այսօր մենք հանդիպում ենք քննարկելու ընթացիկ իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային  և միջազգային խնդիրներ: Այն հանգամանքը, որ մենք դա անում ենք նախանձելի հաճախականությամբ և  կանոնավոր կերպով շատ կարևոր է, որպեսզի պահպանվի մեր երկրների միջև  առկա վստահության բարձր մակարդակն ու փոխըմբռնումը, ռազմավարական գործընկերոջ ոգին, որը մշտապես տարբերակել է, եւ հուսով եմ, կտարբերակի մեր երկրները”: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և  նշել. “Մեր վերջին հանդիպումից հետո մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները, մյուս կառույցները, միջկառավարական հանձնաժողովը շարունակել են եռանդուն կերպով աշխատել”: ՌԴ Նախագահի հետ հերթական հանդիպումը Սերժ Սարգսյանը դիտարկել է երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին և   Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրները քննարկելու լավ հնարավորություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին` Երևանում հզոր գիտա-ինովացիոն կենտրոն բացելու կապակցությամբ` դա գնահատելով շատ լավ քայլ: Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրում ՌԴ դեսպանության հետ ակտիվորեն աշխատում է հայ-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերականգնման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՌԴ Նախագահին`մեկ տարի առաջ Հայաստանին տրամադրված 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի համար` ընդգծելով, որ դրա դրական արդյունքները երևան են գալիս այսօր. “առաջին եռամսյակում մենք գրանցել ենք համախառն ներքին արդյունքի հինգ ու կես տոկոս աճ”: Ռուսաստանի և  Հայաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, մտքեր են փոխանակել նաև  միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ։ Ռուսաստանի եւ Հայաստանի Նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում` նաեւ Ռուսաստանի Դաշնության Նախագահի` Հայաստան առաջիկա այցի շրջանակում:

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply