Զվարթնոց» օդանավակայանում բացվել են հրաբխի ժայթքման պատճառով փակված 9 ուղղություններից 8-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2010 23:15

Իսլանդիայում արթնացած Էյաֆյալլայոկուլ հրաբխի ժայթքումից առաջացած հրաբխային փոշու հսկայական ամպի պատճառով ապրիլի 15-ից հետո, երբ առաջին անգամ Երեւանից հետաձգվեցին դեպի Եվրոպա (բացառությամբ ռուսաստանյան ուղղության) չվերթները, փակվել էին բոլոր 9 ուղղությունները։
Այսօրվա դրությամբ բաց են եվրոպական ուղղություններից 8-ը (փակ է միայն դեպի Բեռլինի ուղղությունը), ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանք վաղն էլ բաց կմնան։

Էյաֆյալլայոկուլ հրաբխի  փոշու ամպը ստիպել էր եվրոպական բազմաթիվ օդանավակայանների ուղղակի դադարեցնել աշխատանքը, քանի որ հետաձգվել են տասնյակ հազարավոր ավիաչվերթներ: Այսօրվա դրությամբ Եվրոպայից Հայաստան չեն կարողանում վերադառնալ մոտ 750 ուղեւորներ, իսկ Երեւանից Եվրոպա չեն կարողանում մեկնել 1140-ը։

Երեկ կայացել է  առաջին չվերթը: Դա «Չեխական ավիաուղիներ»-ն են: Այսինքն՝ երեկ արդեն 140 ուղեւոր եկել են   դեպի Հայաստան: Մոտավորապես 30 տոկոսի չափով Երեւանից մեկնող ուղեւորները տոմսերը հետ են վերադարձրել: Բոլոր ավիաընկերությունները, գործակալությունները գումարը հարյուր տոկոսով հետ են վերադարձրել:  Քաղավիացիայի գլխավոր վարչությունում ստեղծված հատուկ հանձնախմբի եւ ավիաընկերությունների համատեղ ջանքերով այն ուղեւորների համար, ովքեր շտապ պետք է մեկնեն եվրոպական որեւէ ուղղությամբ կամ վերադառնան Երեւան, տոմսերը վերաձեւակերպվում են մեկ այլ ավիաընկերության բացված չվերթի վրա։

Այսօր կանխատեսվում է, որ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը նույնպես կսկսի իրականացնել չվերթները, եւ ավիաընկերության հետ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ինքնաթիռների տիպի փոփոխություն կատարվի՝ մեծ տիպի ինքնաթիռ փոխադրի: Որպեսզի  հնարավորինս սեղմ ժամկետներում բոլորին  վերադարձնել դեպի Հայաստան:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան  փոխանցեց, որ ընկերությունը դեպի Եվրոպա թռիչքները սկսեց հետաձգել ապրիլի 16-ից եւ այսօր իրավիճակը նույնն է` դեպի Եվրոպա «Արմավիա»-ն առայժմ թռիչքներ չի իրականացնում։

«Բայց կարող ենք ասել, որ ապրիլի 24-ին Երեւան – Օդեսա – Երեւան չվերթը կկայանա: Երեւան – Խարկով – Երեւան եւ Երեւան – Կիեւ – Երեւան չվերթները կլինեն չվացուցակի համաձայն», – հավելեց նա:

Ավետիսովան նշեց, որ առ այսօր «Արմավիա»-ից տոմսեր գնած որեւէ ուղեւոր իրենց չի դիմել` ապահովելու հյուրանոց կամ սնունդ: Փոխարենը ուղեւորներին առաջարկում են փոխարինել իրենց տոմսերը տվյալ կամ այլ ուղղություններով, սակայն ավելի ուշ կայանալիք չվերթների տոմսերով։

Նա նաեւ ասաց, թե այս պահին դեռեւս ճշտված չեն թռիչքների հետաձգման պատճառով «Արմավիա»-ի կրած վնասները:

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply