Ծեր ու հիվանդ կինն ապրում է նկուղում` սեփական կեղտի ու գարշահոտության մեջ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 21, 2010 10:02

Մտնելով Աղբյուր Սերոբ 5 հասցեում գտնվող շենքի մուտքից ներս` նայեցի ձախ ու տեսա ներքև տանող նեղլիկ աստիճանները, որոնք ավարտվում էին երկաթյա դռնով: Մի պահ կանգ առա` համարձակություն չունենալով ներս մտնել այդ անորոշություն ու վախ ներշնչող դռնից: Առաջին հարկի հարևանուհին օգնության եկավ` նախապես զգուշացնելով, որ անտանելի հոտ է գալու, չզզվեմ: Ներս մտանք, հարևանուհին առաջ անցավ ու վառեց լույսը. նկուղից իրոք անտանելի հոտ էր գալիս, մի պահ ինձ թվաց, թե կուշաթափվեմ: Մի քանի վայրկյան անց ընտելացա. հարևանուհին ժպտալով ասաց. «Էսօր փառք է, ուրիշ ժամանակ մի վայրկյան էլ չէիր դիմանա»:

Քիչ այն կողմ մի փոքրիկ դուռ երևաց, հարևանուհին մոտեցավ դռանն ու ձայն տվեց Գյուլխասին` նկուղի ութսունամյա «բնակչուհուն»: Արձագանք չստանալով` ներս մտանք: Նկուղի այդ փոքրիկ սենյակը, որտեղ պառկած էր Գյուլխասը, մի նեղլիկ պատուհան ուներ, որտեղից աղոտ լույս էր ներթափանցում: Այն, ինչ իմ առջև բացվեց, սարսափելի էր. տարեց կինը պառկած էր թախտի վրա` փաթաթված կեղտոտ ու գարշահոտ փալասներով, դիմացը մի սեղան էր դրված` վրան դատարկ տոպրակներ ու կերակրի մնացորդներ: Շուրջը թափթփված էին բարձի բմբուլներ, կեղտոտ իրեր, քրքրված անկողնու ծվեններ, իսկ հատակը ողողված էր կնոջ մեզով ու կղանքով:

Մեզ տեսնելուն պես Գյուլխասը վեր կացավ ու առանց հետաքրքրվելու` ովքեր ենք և ինչու ենք եկել, ասաց. «Հաց բերել ե՞ք…»:

Հարևանուհին գնաց, հաց բերեց: Գյուլխասն ի վիճակի չէր պատասխանելու ոչ մի հարցի. նա միայն մի բան էր ուզում` ուտել:

Գյուլխասն անժառանգ, միայնակ կին է, արդեն 30-40 տարի է, ինչ այդ նկուղում է ապրում: Նրա քրոջ ամուսինը` Մայիսը, ապրում է նույն շենքի առաջին հարկում` ճիշտ նկուղի վերևում: Քույրն անցյալ տարի է մահացել: Քրոջ ամուսինը պատմում է, որ 1972 թ. այդ բնակարան են տեղափոխվել Գյուլխասի հետ միասին, բայց քանի որ երկու քույր իրար հետ յոլա չեն գնացել, որոշել են իրենց նկուղը «կարգի բերել» ու Գյուլխասին իջեցնել այնտեղ:

«Ամեն հարմարություն ստեղծեցինք, լույս քաշեցինք, շատ լավ պայմաններ եղան: Քանի դեռ ջահել էր, ամեն ինչ լավ էր»,-ասում է Մայիսը:

Հարևանուհին պատմում է, որ անցյալ տարվա մայիսին քրոջ ամուսինը Գյուլխասին տարել է ծերանոց, սակայն որոշ ժամանակ անց կրկին հետ են բերել: «Ճիշտն ասած, քրոջ ընտանիքում միշտ ինչ-որ վեճեր էին լինում` տան հետ կապված,-ասում է նա,- հիմա էլ քրոջ ամուսինն ու քրոջ տղան են անընդհատ վիճում, ամուսինն ուզում է Գյուլխասին ծերանոց տանել, տղան չի թողնում: Չգիտեմ պատճառը, խառը պատմություն է»:

Հարևանուհին նաև ասում է, որ շենքի բնակիչներով ուզում են թաղապետարան դիմում գրել, որպեսզի Գյուլխասին ծերանոց տանեն, քանի որ այդ գարշահոտությունն այլևս անտանելի է: Նա պատմում է, որ մի անգամ իրենց մուտքում մի երիտասարդ գարշահոտությունից ուշաթափվել է:

«Առաջ կարողանում էր իրեն պահել, էս նկուղը մաքրում էր, ամեն հարմարություն ստեղծել էր, գոնե դուրս էր գալիս, արևի տակ նստում էր,- ասում է նա,- էս մի տարին, ինչ քույրը մահացել է, Գյուլխասն էս վիճակում է հայտնվել, չի հասկանում` ինչ է անում, փակվել է էստեղ, դուրս չի կարողանում գալ, մենակ ուտել է ուզում ու տակն է անում: Էսպես շարունակվել չի կարող»:

Քրոջ ամուսինը` Մայիսը, երեք որդի ունի, սակայն նրանցից ոչ ոք իր հետ չի ապրում: Փոքր տղան` Տիգրանը, վարձով է ապրում և ուզում է բաժին ստանալ հոր բնակարանից: Այդ հողի վրա անընդհատ վեճեր են լինում: Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Գյուլխասը: Բանն այն է, որ քրոջ բնակարանի 10 քմ տարածքով մի սենյակ ժամանակին Գյուլխասին է պատկանել (ըստ փեսայի` իրենք այդ սենյակը Գյուլխասի անունով են գրանցել, որպեսզի նա կարողանա նպաստ ու օգնություն ստանալ): Այդ սենյակը, որտեղ, ի դեպ, նա երբևէ չի ապրել, Գյուլխասը ծերանոց գնալուց առաջ նվիրատվության կարգով տվել է փեսային: Քրոջ որդին` Տիգրանը, դա համարում է «անօրեն ձևով խլված», իսկ քրոջ ամուսինը պարզաբանում է, որ իր տղան այդպես է ասում, քանի որ ուզում է այդ տարածքն «իրենով անել»:

«Անցյալ տարի մայիսին` կնոջս մահից հետո, երբ Գյուլխասն էս օրը ընկավ, ամեն անգամ 10-20 հազար դրամ էի տալիս, մաքրող էի բերում, պադվալը մաքրում էին, բայց հետո մաքրողներն  էլ էին զզվում, չէին գալիս,- պատմում է Մայիսը,- ես էլ որոշեցի, որ ճիշտ կլինի Գյուլխասին ծերանոց տանեմ: Գնացի խոսեցի, մարդիկ ընդառաջեցին, տարա: Հինգ օր չանցավ, տղես գնաց, էդ կնգան ծերանոցից քարշ տվեց, տարավ իրենց վարձով տուն, թե իբր ինքն ու կինը կպահեն: Բայց ի՞նչ պահել, ի՞նչ բան. 10 օր էլ չանցավ, բերեցին ու էս վիճակով նորից էստեղ գցեցին: Պասպորտն էլ իրանց մոտ են պահում, որ ես չկարողանամ նորից տանել ծերանոց»:

Տիգրանը հավատացնում է, որ արդեն մեկ տարի է` «մորքուրին» ինքն ու կինն են խնամում, ամեն օր կամ երկու օրը մեկ գալիս են, նկուղը մաքրում և այլն: Երբ փորձեցի ներկայացնել իմ տեսածը, որը չի համապատասխանում նրա պատմածին, ասաց. «Դե չենք կարա ամեն վայրկյան իրա մոտ լինենք, աշխատում ենք, բան ենք անում, համ էլ, գիտեք, ծախսերի հետ ա կապված»:

Տիգրանն ասում է, որ հայրը դիտմամբ անջատել է իր բնակարանից նկուղ գնացող հոսանքը, որպեսզի այդ վիճակը ստեղծվի և նա բոլորին ցույց տա, թե ինքն ու կինը մորաքրոջը չեն խնամում: Այն հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ ծեր ու անօգնական կնոջը ծերանոց տանել, քան այդ պայմաններում պահել, քրոջ որդին պատասխանում է. «Խի մեզ ի՞նչ ա եղել, որ մենք չպահենք, տանենք ծերանոց: Խի իմ մերն էդքան հարգանք չունի՞, որ իրա քրոջը ծերանոց գցենք…»:

Հանգուցյալ մոր ու «սիրելի» մորաքրոջ պատվի ու արժանապատվության համար պայքարող Տիգրանը, որ ամոթալի է համարում մորաքրոջը ծերանոց տանելը, բայց նորմալ` սեփական մեզի ու կղանքի մեջ թողնելը, վերջերս հայց է ներկայացրել դատարան` հոր բնակարանից բաժին ստանալու պահանջով: Դատական գործն ընթացքի մեջ է:

«Ես ասել եմ` եթե էս տնից իրան բաժին տամ, ուրեմն պատ կշարեմ, որ տղուս ու հարսիս հետ չշփվեմ,- ասում է Մայիսը,- թող էդ ժամանակ ինչ ուզում են` անեն, ուզում են, Գյուլխասին թող ծերանոց տանեն, ուզում են, թող բարձրացնեն տուն, իրանք պահեն. չնայած նրանք պահողը չեն, մի քանի օրից կթույնեն, որ ազատվեն: Ես արդեն ոչ մի բան չեմ կարա անեմ»:

Մինչ դատական գործընթացն իր ավարտին կհասնի, և հայր ու որդի կլուծեն կռվախնձոր դարձած բնակարանի հարցերը, ծեր կինը կշարունակի ապրել բանտախուց հիշեցնող այդ քաոսում` սովի, կեղտի, գարշահոտության ու մթության մեջ և ամեն դուռը բացողին կհարցնի. «Հաց բերել ե՞ք…»:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply