Իսլանդիայում ժայթքած հրաբուխը չի հանգեցնի կլիմայափոխության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2010 16:14

Իսլանդիայի` ապրիլի 14-ին սկսված հրաբխի ժայթքման գործընթացը թուլացել, գրեթե դադարել է, սակայն դրա` Էյաֆիատլայոկուդլի ակտիվությունը հնարավոր է 10 օր թուլանալուց հետո նորից կրկնվի ու շարունակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Երևանի պետական համալսարանի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Էդիկ Խարազյանը: Ըստ նրա` իսլանդացի հրաբխագետները այդ ուղղությամբ դեռևս չեն շտապում դիտարկումներ անցկացնել:

Է. Խարազյանի տեղեկացմամբ, այս հրաբուխը ժայթքել է նաև 1921 թվականին` տևելով երկու տարի: Իսլանդիայում հաճախակի դիտվող հրաբխաժայթքումների պատճառը նրա աշխարարհագրական դիրքն է: Ամենաուժեղ հրաբուխները այստեղ եղել են 19-րդ և 20-րդ դարերում. Էյաֆիատլայոկուդլը ամենաուժեղը չէ և չի մտնում վտանգավորների ցուցակը: «Կղզում այսօր էլ կան գործող հրաբուխներ և երևույթը շարունակական է լինելու, քանի որ Ատլանտյան օվկիանոսի` ցամաքից նահանջելու պատճառով հրաբխային գոտին տարեկան մի քանի սմ-ով լայնանում է», -նշեց գիտնականը:

Ըստ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանի` Իսլանդիայում ամենաուժեղ` Լաքի հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 1815 թվականին: Դրանից հետո մթնոլորտում երկար ժամանակ պահպանվող հրաբխային մոխրի հետևանքով Եվրոպայում մի քանի տարի ցուրտ ձմեռներ են դիտվել, նույնիսկ հուլիսին 0-ից ցածր ջերմաստիճան է գրանցվել: Սակայն օրերս ժայթքած հրաբուխն այնպիսին չէ, որ հանգեցնի նմանօրինակ կլիմայափոխությունների կամ մթնոլորտային օդի ջերմաստիճանային նվազման: Այնպես որ, դրա հետևանքները հանարավորինս մեղմ կլինեն:

Իսլանդական հրաբխամոխիրը այսօրվա դրությամբ հասել է մինչև Սև ծով, որը, 4700 կմ Հայաստանից հեռու լինելով, վտանգ չի ներկայացնում նրա համար: Խ. Մելիքսեթյանը նշեց, որ Հայաստանում այսօր հրաբխային խոցելի գոտիներ չկան: ՀՀ ԳԱԱ լաբորատորիայում հրաբխաքարերի հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում հրաբխաժաթքումներ գրանցվել են 450-530 հազար տարի առաջ: Դրանք եղել են չկրկնվող կամ «միածին» բնույթի, որոնք դիտվել են Վայոց Ձորում, Զանգեզուրի լեռնաշղթայում, Արագած լեռան գագաթին: Ըստ գիտնականի` տարածաշրջանում ակտիվ հրաբուխները ներկայումս Իրանի Դեմավենտ սարի և Արևմտյան Հայաստանի Թոնդրակ գյուղի տարածքում են:

Դիտվել է 2692 անգամ:
Print Friendly

Leave a Reply