Մարզաշխարհը տուժում է հրաբուխից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 20, 2010 14:23
Իսլանդիայում ժայթքած հրաբուխի պատճառով Եվրոպան շարունակում է կաթվածահար մնալ: Ինքնաթիռային չվերթները հետաձգվում են, իսկ դրա հետևանքով տուժում են բոլոր բնագավառների ներկայացուցիչները: Դժվարին կացությունում են հայտնվել նաև մարզական միջոցառումների կազմակերպիչները և նրանք, ովքեր ավարտել են մրցումները կամ պատրաստվում են իրենց կարողությունները փորձել տարբեր ստուգատեսներում: Գերմանիայի Բրեմեն քաղաքում ավարտված գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից չեն կարողանում վերադառնալ Հայաստանի ներկայացուցիչները: Եվ ահա, նրանք Ռուսաստանի պատվիրակների հետ միասին ավտուբուսով փորձում են հասնել Ռուսաստան, որպեսզի այնտեղից էլ տուն վերադառնան:
Ապրիլի 21-ին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում պետք է մեկնարկեր սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Սակայն կազմակերպիչները որոշել են այն մեկ օրով հետաձգել: Հայաստանի հավաքականը չի կարողանում մեկնել մրցավայր, քանի որ մասամբ են վերականգնվել չվերթները: Մեր երկրի ընտրանին դժվարանում է հասնել Լոնդոն: Մերոնք շարունակում են ելք որոնել, սակայն հավանականությունը փոքր է, որ հնարավոր կլինի հասնել մրցավայր: Ի դեպ, այս ստուգատեսում երիտասարդ մարմնամարզիկները նույնպես հանդես են գալու և վիճարկելու են այս տարվա օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մի շարք երկրների մարմնամարզության ֆեդերացիաներ, այդ թվում նաև Ռուսաստանի, առաջարկել են մի քանի օրով հետաձգել մրցումները, սակայն կազակերպիչներն այդ անելու մտադրություն չունեն: Եվ, ամենայն հավանականությամբ, առաջնությանը կանցկացվի սակավաթիվ երկրների հավաքականների մասնակցությամբ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ, օգտվելով առիթից, ավիաընկերությունները փորձում են կրած ֆինանսական վնասները փոխհատուցել տոմսերը թանկացնելու միջոցով: Մասնավորապես, 400 եվրո արժեցող ինքնաթիռի տոմսը ներկայումս վաճառվում է 1500 եվրո:
Ապրիլի 22-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկելու է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը Երևան-Մոսկվա-Վիեննա չվերթով պետք է ուղևորվեր մրցավայր, սակայն մեր պատվիրակությունը դեռ Հայաստանում է, քանի որ Մոսկվայից-Վիեննա չվերթների իրականացման հետ կապված խնդիրները չեն վերացել: Ընդ որում,կազմակերպիչները պաշտոնական հաղորդագրություն են ուղարկել, որ Եվրոպայի առաջնությունը չի հետաձգվելու և մեկնարկելու է նախատեսված օրը: Եվրոպայի առաջնությունում նախատեսվում է, որ Հայաստանից պետք է հանդես գան Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ)։
Ապրիլի 23-ին էլ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետք է մեկնարկեր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար: Ստեղծված իրավիճակի թելադրանքով, կազմակերպիչները որոշել են ստուգատեսը երկու օրով հետաձգել: Այնպես որ, այն կմեկնարկի ապրիլի 25-ին: Մերոնք նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնում են Վրաստանում և այնտեղից առանց որևէ խնդրի կուղևորվեն մրցավայր:






Facebook
Tweet This
Email This Post
