ՀՅԴ-ն Թուրքիայի հետ առևտրատնտեսական հիմնախնդիրների լուծման իր տարբերակներն է առաջարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 18:54

hay-turkakan«Տեսականորեն հայ-թուրքական սահմանի բացումը դրական է Հայաստանի տնտեսության զարգացման առումով»,-համոզված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը:

Նա կարծում է, որ այսօր արդեն պետք է քննարկվի ոչ թե սահմանը բացել-չբացելու խնդիրը, այլ արդյո՞ք մենք կկարողանանք արտահանել տեղական արտադրանքը և հսկել ներմուծումները:

«Թուրքական տնտեսությունն այսօր ունի կատարելագործված մեխանիզմներ, որով կկարողանա ազդել ներմուծումների վրա: Թուրքիան որտեղից որ ներմուծումներ չի ուզում, բարձր մաքսատուրքեր է սահմանում: Մեր առաջին խնդիրը պետք է լինի ազատ առևտրի համար բանակցելը»,- ասաց Լոքյանը:

Այսօր ՀՅԴ Բյուրոյում հավաքված ԱԺ բոլոր խմբակցությունների անդամներին ՀՅԴ-ն ներկայացրեց «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ուսումնասիրությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքը քաղաքական ենթատեքստ չունի, և այսօր այն կփոխանցվի նաև Կառավարությանը:

Աշխատախմբի ղեկավար Լոքյանն ասաց, որ աշխատանքի նպատակն է սահմանի վերաբացման առնչությամբ սահմանել Հայաստանի դիրքորոշման նախընտրելի ուղիները:

ՀՅԴ-ի համոզմամբ` Հայաստանի համար լավագույն ելքը Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելն է. զրոյական մաքսատուրքերի երկկողմ պարտավորությամբ` Հայաստանը կապահովագրվի Թուրքիայի սակագնային դրույքաչափերի հնարավոր փոփոխությունից և կստանա շուկայի հավասար մատչելիություն:

Արտահանումը խթանելու համար Թուրքիայում գործում է թուրքական Էքսիմբանկը, որի նպատակն է ավելացնել թուրքական արտահանումների ծավալը, ձևավորել նոր շուկաներ, աջակցել թուրքական արտահանողներին, ներդրողներին և արտասահմանյան գործընկերներին: Դաշնակցությունն առաջարկում է Համահայկական բանկին ևս նման գործառույթներ վերապահել:

Լոքյանի համոզմամբ` սահմանի բացումը կարող է վնասել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ Թուրքիան կարողանում է ավելի էժան գներով ավելի լավ որակ ապահովել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ողջունեց նման նախաձեռնությունը. «Կատարված ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի` տեսնելու Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ռիսկերը և դրանց կարգավորման մեխանիզմները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում»:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը շարունակվեց փակ դռների ետևում՝ առանց լրագրողների ներկայության:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply