Վերջին ակորդը տոնական չստացվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2010 15:14

Երևանի մարզահամերգային համալիրում կայացած տափօղակով հոկեյի C դիվիզիոնի B խմբի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց B դիվիզիոնում հանդես գալու իրավունք տվող  միակ ուղեգրին տիրանալ, քանի որ չորս երկրների թիմերի մրցաշարում մերոնք բավարարվեցին երկրորդ տեղով: Իսկ ուժեղագույն ճանաչվեց Հյուսիսային Կորեայի ընտրանին, որը  եզրափակիչ հանդիպումում 5:2 հաշվով առավելության հասավ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը, 8:3 հաշվով հաղթելով Մոնղոլիայի հոկեյիստներին, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչիզարին խոստացել էր, որ մեր երկրի ներկայացուցիչներն այս ստուգատեսում կհաղթեն: Ի դեպ, առաջին տեղը գրավողը հնարավորություն  ստացավ մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի: Իսկ  մեր հավաքականի հաղթելու հնարավորությունն իրատեսական էր: Սակայն առաջին հանդիպումից առաջ Հարավաֆրիկյան Հանրապետության ներակայացուցիչները դժգոհել էին, որ Հայաստանի հավաքականում կարող են խաղալ այնպիսի հոկեյիստներ, ովքեր դրա իրավունքը չունեն: Եվ, մերոնք զգուշանալով, հրաժարվեցին օգտվել հրավիրաված հինգ խաղացողների ծառայությունից: Եվ այնպես ստացվեց, որ խաղերի ընթացքում հիմնական ծանրության կրողները եղան շուրջ մեկ տասնյակ խաղացողներ: Դա այն դեպքում երբ հավաքականի կազմում երկու տասնյակից ավելի հոկեյիստ պետք է լինի: Ինչևէ, այդ  ուժերով էլ մերոնք հաղթեցին բոլոր մրցակիցներին՝ Հարավային Աֆրիկայի (9:2), Հյուսիսային Կորեայի (7:6), Մոնղոլիայի (15:0) հավաքականներին և հայտնվեցին առաջին հորիզոնականում: Բայց ըստ մրցակարգի խմբում առաջին երկու տեղերը զբաղեցնողները պետք է վճռական հանդիպումում որոշեին այն թիմին, որը հաջորդ մրցաշրջանում տեղափոխվելու է  B դիվիզիոն: Եվ ահա, մերոնց չհաջողվեց կրկին առավելության հասնել կորեացիների  նկատմամբ, որոնք երկրորդ տեղ էին գրավել: Ցավոք, առաջնության վերջին ակորդը մեր հոկեյիստների համար տոնական չստացվեց: Պարզապես, մերոնց խանգարեց հոգնածությունը:

Վճռական հանդիպման առաջին երկու խաղափուլերում Հայաստանի ներկայացուցիչները պարտվեցին 1:2 հաշվով: Իսկ վերջին խաղափուլում տափօղակը Հայաստանի հավաքականի դարպասում հայատնվեց հանդիպման վերջին վայրկյաններին, երբ մեր դարպասապահի փոխարեն խաղահրապարակ էր դուրս եկել հարձակվող և դարպասը մնացել էր անպաշտպան: Այսպիսով, մեր ընտրանին պարտվեց 2:5 հաշվով: Մինչդեռ, հաջողությունն այնքան մոտ էր թվում:

Խաղավարտից հետո հանդիսավոր պայմաններում Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յան Էդնիլսոնը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ հանձնեցին Հյուսիսային Կորեայի, Հայաստանի, Հարավաֆրիկայան Հանրապետության հավաքականների խաղացողներին: Մրցանակներ շնորհվեցին մրցաշարի լավագույն դարպասապահ, պաշտպան և հարձակվող ճանաչված Դևիդ Բերգերին (ՀԱՀ), Դավիթ Թագվորյանին (Հայաստան) և Հակոբ Ավետիսյանին (Հայաստան): Առաջնության լավագույն  խաղացողի համար սահմանված մրցանակը ստացավ կորացիների ավագ Կիմ Խուան Հոն: Պարգևներ հանձնվեցին նաև մասնակից երկրների  հավաքականների լավագույն խաղացողներին: Հայաստանի հավաքականից մրցանակի արժանացավ Ջոն Ղազանչյանը:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply