ԲՆ-ն առաջարկում է 3 տարով արգելել ձկնորսությունը Սևանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 19, 2010 15:15

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճում ձկնորսությունը երեք տարով արգելելու նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ հաստատման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Առաջիկայում Բնապահպանության նախարարությունը նախագծը վերջնական տեսոքվ կներկայացնի Կառավարության  քննարկմանը, որից հետո էլ կուղարկի Ազգային ժողով:

«Սա ինքնանպատակ արգելք չէ: Այս նախպաձեռնությամբ նպատակ ունենք ապահովել ձկնատեսակների բնական վերարտադրությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև արդյունագործական ձկնորսությունը»,- ասում է Արամ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ դեռևս որոշված չէ խեցգետնի որսի արգելքի հարցը: «Եթե պարզվի, որ խեցգետնի որսի արգելքը բացասական կազդի ձկնատեսակների բնական վերարտադրության գործընթացի վրա, այդ դեպքում խեցգետնի որսը կթուլատրվի»,- ասում է Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ Բնապահպանության նախարարությունն այս տարի նաև կիրականացնի 7-7,5 մլն դրամ արժողությամբ ծրագիր՝ ճշգրտորեն հաշվարկելու Սևանի բոլոր ձկնատեսակների պաշարները:

Հարությունյանը, անդրադառնալով Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցին, տեղեկացրեց, որ Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ բարձրացել է 55 սմ-ով և կազմում է 1899,53 սմ:

Նախարարի հավաստմամբ՝ ավարտված են մաքրման ենթական առափնյա տարածքների քարտեզագրման աշխատանքները.«Ընդհանուր առմամբ ունենք մաքրման ենթակա 3000 հա տարածք, որից այս տարի պետք է մաքրվի 600 հա-ն: Այդ տարածքներից 450 հա-ն անցած է ջրի տակ»: Առաջիկայում մրցութային կարգով պետք է որոշվի, թե որ կազմակերպությունն է իրականացնելու ջրի տակ անցած տարածքների ծառերի և թփերի մաքրման և հեռացման աշխատանքները: Իսկ մինչ այդ, ըստ Հարությունյանի, որոշ տարածքներում մաքրման աշխատանքներ է իրականացնում Սևան ազգային պարկը:

Անցած տարի պետբյուջեից հատկացված 250 մլն դրամով Սևանի ավազանում մաքրվել է ևս 600 հա անտառածածկ տարածք: Փայտանյութի մի մասը, ըստ Հարությունյանի, տրամադրվել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ վաճառքի պիտանի փայտանյութից ստացված գումարն էլ ներդրվել է ազգային պարկի բյուջե:

Հարությունյանն ասում է, որ հաջորդ տարվանից նախարարությունը կիրականացնի ոչ միայն մաքրման, այլ նաև անտառավերականգնման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսվում է վերագործարկել Մարտունու տնկարանը:

Դիտվել է 2415 անգամ:
Print Friendly

Leave a Reply