ԱՄՆ ՊՆ քաղաքականության գծով տեղակալի հանդիպումները Ադրբեջանի իշխանությունների հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | April 18, 2010 2:47
Երեկ ԱՄՆ Պաշպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլոուրնոյը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ:
Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:
Ինչպես հաղորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ը, Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության հարցեր:
Մ. Ֆլորուրնոյը հատկանշական է համարել միջազգային հակատեռորիստական օպերացիաներում, Աֆղանստանում խաղաղության ապահովման գործում Ադրբեջանի դերակատարությունը: Է. Մամեդյարովն իր հերթին նշել է, որ տվյալ համագործակցությունը կարգավորել է Աֆղանստանի հումանիտար և սոցիալական կյանքը:
Միշել Ֆլոուրնոյի պատվիրակությանը ընդունել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև կապերի ներկա վիճակի մասին:
Ֆլոուրոյը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-ԱՄՆ ռազմական համագործակցության հեռանկարների, Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի և ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված տարածաշրջանային լարվածությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը:






Facebook
Tweet This
Email This Post
