Այս տարի ևս 50-55 հոգի կազատվի «նապաստակի շրթունք» և «գայլի երախ» արատներից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 17:01

surgerybostonՀունիսի 22-ից հուլիսի 3-ը Հայաստանում կկատարվեն շուրթի և քիմքի ճեղվածքի («նապաստակի շրթունք» և «գայլի երախ») 50-55 անվճար վիրահատություններ:

Նախաձեռնությունը «Ժպիտ» նախագծինն է, որը գործում է ՀՀ առողջապահության նախարարության, «Ժպիտ» միջազգային կազմակերպության, «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի, Արաբկիր բժշկական համալիրի, Հայ օգնության ֆոնդի, «Ձեռք ձեռքի» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում: Որպես գործընկեր` խմբին են միացել նաև Մադլեն և Արթուր Իսպիրյանները (երգիչ Արթուր Իսպիրյանը և կինը):

«Ժպիտ» նախագծի բուժանձնակազմն անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարել է 50 նման վիրահատություն:

Այս տարի`հունիսի 20-ին և 21-ին, վիրահատական խումբը Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացրել է 150 հոգու նախնական զննում:

Շուրթի և քիմքի ճեղվածքով ծնված անձինք դժվարանում են ուտել, խմել և խոսել, արդյունքում` տառապում են թերսնուցումից և թերզարգացումից:

ՀՀ Առողջապահության նախարարության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում և եվրոպական երկրներում վերոհիշյալ արատներով ծնված երեխաների տոկոսային հարաբերակցությունը նույնն է: «Սովորաբար 800 նորածիններից մեկն ունենում է «նապաստակի շրթունք» կամ «գայլի երախ» »,-ասում է փոխնախարարը:

Երևանի բժշկական համալսարանի պրոռեկտոր Գևորգ Յաղջյանն էլ ասում է, որ համալսարանի օրդինատորները ներկա են լինելու վիրահատություններին, ինչը նոր գիտելիքներ ստանալու և փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է:

«Ժպիտ» նախագծի համահիմնադիր ու ղեկավար Մադլեն Մինասյանի տվյալներով` 2008թ·-ի ընթացքում 250 հոգի է դիմել վիրահատության համար, որոնցից վիրահատվել են 80-ը, իսկ 2009-ի տվյալներով` դիմել են 140 հոգի, որոնցից կվիրահատվեն 50-55-ը:

Գայանե Գալստյան

Դիտվել է 3006 անգամ:
Print Friendly

Leave a Reply