Վայքն ուրանի ճառագայթման վտանգի տակ է

Օրվա լուր | | June 23, 2009 15:45

VayqՎայքի ուրանի հանքավայրերում արդեն մեկ ամիս է` սկսել են որոնողական աշխատանքներ:

Հստակ տեղեկություններ, թե որ կազմակերպությունն է աշխատանքներ տանում այստեղ և ինչ է որոնում, նույնիսկ Վայքի քաղաքապետարանում չգիտեն:

Վայքի փոխքաղաքապետ Բաբա Բաբայանն ասում է, որ իրենք էլ հաստատ չգիտեն, թե որ կազմակերպությունն է աշխատանքներ կատարում, քանի որ հանքավայրն իրենց վարչական տարածքում չի գտնվում. «պեղման աշխատանքները կատարվում են Վայքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Ազատեկ գյուղում»:

«Ըստ մեր տվյալների` ուրան չեն որոնում, այլ ոսկի: Չնայած, մեր վարչական տարածքում չէ, բայց Վայք քաղաքին շատ մոտ է: Հիմա նմուշներ են վերցնում փորձաքննության համար, որպեսզի պարզեն, թե ինչ ծավալի են հասնում հանքի պաշարները. եթե իրենց բավարարի պաշարները, ներդրումներ կանեն»,-ասաց փոխքաղաքապետը :

ՀՀ բնապնախարարության բնապահպանական տեսչությունից ասում են, որ հետազոտություններն արվում են ոսկու համար: Սրանք դեռ նախնական աշխատանքներ են, և դեռ հայտնի չէ` արդյունահանման աշխատանքներն ինչ ընթացք կունենան:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից էլ փոխանցեցին, որ Ազատեկ գյուղի վարչական տարածքում կա երեք հանքավայր` ոսկու, բազմամետաղային եւ ավազի: Շահագործման լիցենզիա ունեն ռուսական եւ հայռուսական ընկերություններ, իսկ վերջին հետազոտությունները կապված են ոսկու հանքերի հետ:

Առաջին անգամ 1950-60-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ պարզվել է, որ Ազատեկ գյուղում կան ոսկու եւ ուրանի հարուստ պաշարներ, որոնք շատ խիտ են տեղակայված.

Բնապահպաններն ասում են, որ անգամ ոսկի արդյունահանելու դեպքում անհնար կլինի խուսափել ուրանի ճառագայթումից:

Սա է պատճառը, որ բնակիչները մտահոգվում են ոսկու հանքի շահագործումից և անտեսում աշխատատեղերի բացման հեռանկարը` չնայած ծանր սոցիալական վիճակին եւ գործազրկության բարձր մակարդակին:

«Թեև հանքերի շահագործման շնորհիվ նոր աշխատատեղեր կբացվեն, բայց ուրանից ճառագայթման վտանգը շատ մեծ է, առանց այն էլ այս մեկ ամսվա ընթացքում մեծ քանակությամբ հատված ծառեր ենք նկատել, անսպասելի չի լինի նաև այն, որ մի օր ստիպված լինենք լքել մեր տները» ,-ասում է Վայքի 54 ամյա բնակիչ Կոլյա Մարտիրոսյանը:

Դիտվել է 2046 անգամ:
Print Friendly

Leave a Reply