Տաթևի վանք տանող ճոպանուղին կլինի ամենաերկարը տարածաշրջանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 14:36

tatevԳորիսի շրջանի Հալիձորի կիրճի վրայով ճոպանուղի կառուցելու համար դեռ բանակցություններ են ընթանում շվեյցարական և ավստրիական ընկերությունների հետ:

Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի զբոսաշրջության գրասենյակի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով` այս տարվա ընթացքում արդեն կսկսվեն կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է հաջորդ տարի: Կառուցվելիք ճոպանուղին հավակնում է դառնալ ամենաերկարը տարածաշրջանում` լինելով 5.5 կմ: Նման կառույց կա Եվրոպայում` մոտ 5 կմ երկարությամբ: Դրա արագությունը կլինի 10մ/վ, ինչը թույլ կտա ընդամենը մոտ 10 րոպեում անցնել Որոտանի կիրճի վրայով, ինչի համար մեքենայով ծախսվում էր 45-55 րոպե: Ճոպանուղու գծի ամենամեծ բարձրությունը կլինի մոտ 500մ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 20 մլն դոլար արժողությամբ ճոպանուղին կառուցվում է «Տաթևի վանք. վերածնունդ և զարգացում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակը Տաթևի վանքի վերականգնումն է և վերակառուցումը, ինչը կնպաստի նաև երկրի հարավային մասերում զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսված է նաև ապագա ճոպանուղու սկզբնամասում հյուրանոցային համալիր կառուցել: Ծրագիրը ներառում է միջնադարում գոյություն ունեցած Տաթևի վանական դպրոցի վերականգնումը, որը, ըստ նախնական տարբերակի, պետք է լինի Տաթևի վանքի մոտակայքում: Նախատեսված է «Մեծ Անապատ» մենաստանի վերականգնումը: Հովհաննիսյանի խոսքով` եթե ճոպանուղու կառուցումը հնարավոր է մինչև մյուս տարի, ապա Տաթևի վանքի վերանորոգումն ավելի լուրջ ուսումնասիրություններ և աշխատանք է պահանջում:

Ճոպանուղու կառուցումը ոչ միայն հնարավորություն կտա կրճատել վանական համալիր հասնելու ժամանակահատվածը, այլև ճանապարհորդությունը կդարձնի հետաքրքիր և հարմարավետ: Կառուցվելիք հյուրանոցային համալիրը կծառայի Հայաստանի հարավային մասեր ճամփորդող զբոսաշրջիկներին: Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնել Հայաստանի տուրիստական աշխարհագրությունը դեպի հարավ, զարգացնել տեղի տնտեսությունը և աշխուժացնել համայնքային կյանքը:

Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ ճոպանուղու կառուցումը բնապահպանական խնդիրներ չի առաջացնի. «ոտքերը» ոչ ծառապատ, ժայռոտ տարածքում են լինելու, իսկ վերջնամասը գտնվելու է վանքից այնպիսի հեռավորության վրա, որ չխաթարվի պատմական միջավայրը:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply