Ատամնաբուժարանների ծառայությունների գներն անփոփոխ են, մինչդեռ հաճախորդները կիսով չափ կրճատվել են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 13:53

Ատամնաբուժարաններում ասում են, որ մատուցվող ծառայությունների գներն այս տարվա ընթացքում չեն բարձրացել, homeփոխարենը նվազել են հաճախորդները` մոտ 50 տոկոսով:

«Յուշա» ատամնաբուժարանի տնօրեն Քրիստինա Այվազյանը ենթադրում է, որ հաճախորդների թվի նվազումը կապված է տնտեսական ճգնաժամի հետ:

«Անկախ հաճախորդների քանակից, մենք ոչ էժանացում, ոչ թանկացում չենք նախատեսում»,-ասում է Այվազյանը:

Ատամնաբուժարաններում ծառայությունների համար սահմանված գները տատանվում են` ըստ գործի բարդության և օգտագործվող նյութի որակի ու գնի. որքան բարձր է նյութի որակը, այնքան բարձր է ծառայության գինը: Օրինակ` «ՍԱՀ» ատամնաբուժարանում հաճախորդը կարող է ատամ հեռացնել 3000-12 500 դրամով` կախված, թե վերքը վերամշակելու համար ինչ նյութեր կօգտագործվեն: Իսկ ատամը հեռացնելուց հետո բունը բիոպլանտով լիցքավորելու (նոր ատամ սարքելու) դեպքում հաճախորդը ստիպված կլինի վճարել 70 000 դրամ:

Երևանյան ատամնաբուժարաններում մատուցվող հիմնական ծառայությունների գներն են` ատամը (լուսային պլոմբ) պլոմբելու համար` 8 000- 40 000 դրամ, ատամը հեռացնելու համար` 2500-12 500 դրամ:

Մատուցվող ծառայություններն իրենց բարձր գնի պատճառով անհասանելի են շատերին: Նվազագույն 30 000 դրամ աշխատավարձ ստացողը ամսվա մեջ մեկ անգամ ատամնաբուժարան այցելելով` ստիպված կլինի վճարել իր վաստակի 26 տոկոսը` առանց նյարդի հեռացման ատամը պլոմբելու և 40 տոկոսը` ատամի նյարդը հեռացնելու և պլոմբելու համար:

Նաիրա Հայրապետյանը, ով ամսեկան 36.000 դրամ աշխատավարձ է ստանում, ասում է, որ խուսափում է ատամնաբույժի դիմելուց. «Պիտի օրերով ատամի ցավից տառապեմ, որ ստիպված ատամնաբուժարան գնամ: Մեկ ատամ սարքելու համար աշխատավարձիս կեսի չափով գումար են ուզում, մինչդեռ իմ վաստակի հույսին ենք ես ու որդիս»:

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply