Թուրք նախարար Էգեմեն Բաղըշը մեղադրել է Հայկական սփյուռքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 22:18

Թուրքիայի՝ Եվրոպական Միության հարցով նախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին:

Ինչպես հաղորդում է թուրքական “Հաբերթուրք” կայքը, Բաղըշը նշել է, որ ամեն Ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի թուրքերն ու հայերը ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնական հայտարարության մեջ “ցեղասպանություն” եզրույթի օգտագործման վերաբերյալ Սպիտակ տանն ու ԱՄՆ պետդեպում լոբբինգ իրականացնելու համար անում են ամեն ինչ։

“Ըստ իս՝ պետք է ելույթներից և բառերից վեր նայենք։ Պետք է կենտրոնանանք համատեղ շահերի վրա։ Այսօր, ցավոք, Հայկական սփյուռքը Հայաստանի իրական ազգային շահերին վնաս է հասցնում”,-ասել է նա։

Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան 1915թ.-ին “օբյեկտիվ” է նայում և այդպես էլ շարունակելու է։ “9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի աջակցությամբ Հայաստանի նախագահին նամակ էր հղել։ Նա ասել էր, որ պատրաստ է  առերեսվել պատմության հետ, եթե նա պատրաստ է։ Գուցե Էրդողանը առաջին թուրք քաղաքական գործիչն է, ով նման հայտարարություն է արել”,-ասել է նա։

Թուրք նախարարը դարձյալ պնդել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ներքաղաքացիական կռիվներ են եղել, սակայն եթե այլ փաստեր կան, ապա իրենք պատրաստ են դրանք քննարկել։

“Պատմաբանները, վերլուծաբանները թող ուսումնասիրեն, մենք` որպես քաղաքական գործիչներ, կնայենք և որոշում կկայացնենք։ Սակայն արդարացի չէ, որ Թուրքիային ստիպում են ընդունել ներկայիս Թուրքիայում տեղի չունեցած դեպքերի մեղքը “,-ասել է թուրք նախարարը` նշելով, որ պետք է կենտրոնանալ ապագայի վրա:

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 10749 անգամ:
Print Friendly

Leave a Reply