Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 21:50

        Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:

        Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի եւ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների եւ ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ զետեղվեցին Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաեւ առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից:

Այնուհետեւ Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերին:

Նույն օրը 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ:

Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ֆրանսիայի հայկական կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաեւ Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում եւ Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում:

 

Դիտվել է 10553 անգամ:
Print Friendly

Leave a Reply