Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2013 19:30

Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորեց նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնեց, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձան առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը,  անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Գոհունակությամբ նշվեց, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձան ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարևորեցին միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարևորվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ կատարվեց այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։

Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց այդ կառույցների օրակարգային հարցերին։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ և արդյունավետությամբ:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

Դիտվել է 10559 անգամ:
Print Friendly

Leave a Reply