Մարզչական սեմինարը վարում է Իգոր Շեստակովը (Նորվեգիա)

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2013 15:37

Այսօր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սկսվեց սեմիներ, որին մասնակցում են Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի  երկու տասնյակ մարզիչներ: Այն վարում է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):

Նա ճանաչված մասնագետ է: Շեստակովը նախկինում բնակվել է Տաջիկստանում, խաղացել Դուշանբեի ՖԻՄԱ-ի կազմում, հանդես է եկել նաև Երևանում: Ապա  նա տեղափոխվել է Մոսկվա, թեկնածուական թեզ պաշտպանել: Մասնագետը 1992-2000-ին աշխատել է «Կունցովո» ակումբում, մարզել Ռուսաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը:

Շեստակովը 2000-ից Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի հրավերով սեմինարներ է անցկացրել այդ երկրում: Իսկ 2006-ից նա հիմնել է Հանդբոլի միջազգային ակադեմիան և սեմինարներ է կազմակերպում տարբեր երկրներում, օգնում մասնագետներին մեթոդական և տեսական հարցերում:

Այսօր, սկսելով սեմինարը, Շեստակովը տեղեկացրեց, որ անդրադառնալու է հանդբոլի մարզումների անցկացման  ժամանակակից մեթոդների մի շարք առանձնահատկություններին: Նա նաև տեղեկացրեց, որ սեմինարի մասնակիցները կարող են անկաշկանդ իրեն ուղղել բոլոր այն հարցերը, որոնք նրանց հետաքրքրում են:

Օրվա ընթացքում երկու  պարապմունք է նախախատեսված: Տեսական պարապմունքին կհաջորդի գործնականը:

Ժամը 15-ին սեմինարի մասնակիցները հանդերձափոխված հավաքվելու են ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և գործնական պարապմունքի ընթացքում ծանոթանալու են, թե անմիջականորեն ինչ խնդիրներ կարող են ծագել մարզումների կազմակերպման ժամանակ:

Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Իսկ վերջում մասնակիցները քննություն կհանձնեն և կստանան հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:

Դիտվել է 3213 անգամ:
Print Friendly

Leave a Reply