Ընտրապայքարը շարունակվում է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 25, 2013 15:16

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, ու նախընտրական քարոզարշավը մի քիչ զավեշտալի ընթացք է ստանում:

Առհասարակ նորմալ է, երբ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունները, հատկապես իշխանության մաս չկազմողները, ընդդիմադիր կեցվածք են ընդունում ու իրենց քարոզարշավը կառուցում քննադատության հիմքերի վրա: Ինչպես նշում են քաղաքագետները, նախընտրական շրջանում քննադատում են բոլորը, ովքեր դրա փոքրինչ հնարավորությունն ունեն, և միայն գործող իշխանություններն են, որ չեն կարող քննադատել. նրանք էլ պետք է իրենց արած գործերի հաշվետվությունը ներկայացնեն: Ուստի տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ու այլընտրանքային կեցվածք ունեցող քաղաքական ուժերը քննադատեին իշխանականներին, իսկ իշխանություններն էլ հաշվետվություն ներկայացնեին, թե ինչ են արել վերջին 4 տարիներին:

 Աննորմալ քաղաքական դրսևորումների երկիր Հայաստանս

Բայց մեր ընդդիմադիրները սկսել են քննադատել ոչ միայն գործող իշխանություններին, այլև իրար վրա են, այսպես ասած «բոչկա գլորում», իսկ իշխանություններն էլ զբաղված են իրենց մութ գործերով, ընդդիմադիրների ասածները հերքելով ու ցույց տալով ոչ թե այն, թե ինչքան աշխատանքներ են կատարել 4 տարիների ընթացքում, այլ թե հիմա ինչ քաղաքաշինական աշխուժություն է տիրում…

Թերևս նորմալ է թեկուզ,  որ ընդդիմադիրներն իրար քննադատում են: Ընտրապայքարը մրցակցություն է, իսկ մրցակցության մեջ ոչ միայն պետք է ցույց տալ, թե դու ինչքան լավն ես, այլև ինչքան վատն է մրցակիցդ: Բայց այն երևույթները, որոնք այսօր ընդդիմադիրների մեջ են նկատվում, անտրամաբանական են, քանի որ ընտրությունների այս փուլը սկսելուց առաջ բուռն քննարկվում էր միասնական ցուցակով ու թեկնածուով ընտրության գնալու հարցը: Դա չստացվելուց հետո արդեն  ակնհայտ դարձավ այն դիրքորոշումը, որ ընդդիմադիրները կարող են ինքնուրույն պայքարել ընտրությունների ժամանակ և արդեն ավագանու կազմում միավորվել մեկ նպատակի շուրջ` Երևանում հաստատել ընդդիմադիր իշխանություն: Սա նշանակում էր, որ եթե ընդդիմադիրները չօգնեին էլ իրար, գոնե պարտավոր էին իրար չխանգարել:  Բայց մի՞թե այն դրվագնները, երբ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը մեղադրում է ԲՀԿ-ին նախընտրական պաստառներն արգելված չափսերով և քանակով փակցնելու համար ու դրանք որակում որպես ընտրախախտում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչը, հիմք ընդունելով ՀՀԿ-ի ներկայացուցչի ակնարկը, հարց-երկընտրանք է առաջարկում իր նախաձեռնած շարժմանն առաջին օրվանից միացած ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ կոշտ արձագանք է տալիս այդ միջադեպին: Արդյոք նորմա՞լ է, երբ «այլընտրանքի» ցուցակի առաջին և երկրորդ համարները տարբեր դիրքորոշումներ են արտահայտում գործող իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյոք նորմա՞լ է, որ ՀԱԿ-ի ակտիվիստները դեռ շարունակում են իրենց վերագրել միակ և անկրկնելի ընդդիմադիրի բոլոր դափնիները:

Թերևս, որպես քաղաքական պայքարի միջոցներ, նորմալ են, բայց երբ այս ուժերը նպատակադրել են հետընտրական դաշինք ձևավորել, նման երևույթները ոչ միայն նորմալ չեն, այլև պետք է բացառված լինեին:

Նույնն է պատկերը նաև իշխանական ճամբարում: Հայկական ներքաղաքական իրականության մեջ միշտ էլ ընդգծվել է այն երևույթը, որ ընտրությունների նախընտրական փուլերում իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը որդեգրում է  որոշ ընդդիմադիր կեցվածք, երբեմն` ուժեղ, երբեմն` թույլ արտահայտված: Բայց երբ այդ ուժի` Երևանի ավագանու համամասնական ցուցակի առաջատար, գործող կառավարության անդամ, ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը սկսում է հայտարարել, թե «թաղապետն ո՞վ է, որ վախենում եք», սա արդեն զավեշտի է նման: Քանի որ նման արտահայտությունն անողն արտակարգ իրավիճակների նախարարն է, դա արդեն «քաղաքական արտակարգ իրավիճակ է»…

ՀՀԿն թաքցնում է կրծքանշանները, ԲՀԿն` քաղաքական կողմնորոշումը

 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, բավական հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: Ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում էին, որ ՀՀԿ-ականներին հանձնարարվել է բնակիչների հետ հանդիպման ժամանակ հանել ՀՀԿ կրծքանշանները: Օրերս էլ լրագրողները  նկատել էին, թե ինչպես է իր կրծքանշանը հանում ու գրպանը դնում հենց ՀՀԿ ցուցակի առաջատար, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա լուրջ ազդակ է քաղաքական իրականության համար և կարելի է  հասկանալ հետևյալ կերպ. իշխող կուսակցությունը մտահոգվում է, որ իր կուսակցության անունը հեղինակազրկված է, և փորձում է քաղաքական քարոզչության շեշտը դնել ոչ թե կուսակցության, այլ նրա ` երևանցիների կողմից փոքրիշատե հարգանքի արժանացած մեկ ներկայացուցչի անվան վրա` Տարոն Մարգարյանի: Սա, իհարկե, լավ նախանշան է, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներս ՀՀԿ-ի շատ ու շատ գործիչներ ուղղակի ամբարտավանության մակարդակի էին հասցրել քաղաքական ինքնավստահությունը և ամենակարողության դրսևորումը: Ու նաև նշանակում է, որ անցած համապետական ընտրությունների ժամանակ իշխող վերնախավի ինքնավստահությունը ճաք է տվել…

Անդրադառնանք բուն «քարոզչությանը»: Ինչպես վերջին 18 տարիներին, այս անգամ ևս ընտրություններին կգործադրվեն «ավանդական քարոզչական» տեխնոլոգիաները: Երբ մարզպետները Երևանում բացում են նախընտրական շտաբներ և անձամբ ղեկավարում ու համակարգում այդ շտաբների «աշխատանքները», երբ ամեն օր ուսուցիչները, համատիրության աշխատողները, պետական հիմնարկների տարբեր տրամաչափի ներկայացուցիչները ցուցակներով ընկնում են դռնեդուռ ու մարդկանց մոտ «քարոզչություն» կատարում, պարզ է դառնում, թե ինչ հիմնական չափորոշիչներով են ընթանալու ընտրությունները…

Բայց իշխող ՀՀԿ-ից հետ չի մնում նաև այլընտրանքը… Արդեն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց բնակարանների դռները ծեծում ու ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեարկելու «խթանիչներ» են առաջարկում: Արդեն իսկ կարելի է ասել, որ թեժ փողային պայքար է ընթանալու հատկապես «անընտրելի» ՀՀԿ-ի ու «այլընտրանք» ԲՀԿ-ի միջև: Օրինակ` օրերս  «Հրապարակ» թերթը գրեց,  որ վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին  «մոլորության» մեջ գցելու համար: Թերթը հայտնում է, որ ԲՀԿ-ի մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային:

Ի դեպ, եթե խոսենք զուտ պաշտոնական, օրինական ծախսերից, ապա պաշտոնական տվյալներով էլ ամենաշատը ծախսել է ՀՀԿ-ն,  երկրորդը` ԲՀԿ-ն:

Ըստ «Փաստինֆո» գործակալության` ապրիլի 19-ի դրությամբ նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն` ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:

Ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ԲՀԿ-ականները չեն հստակեցնում` ի վերջո, իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ: Ստացվում է` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, բայց հավակնում է ընդդիմադիր ձայներին, իշխանություն էլ չէ, բայց փորձում է իշխանությունների մեթոդով ձայներ «գնել»:

 

Դիտվել է 5149 անգամ:
Print Friendly

Leave a Reply