Մեղադրվում են` խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2013 14:41

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու և ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն:

Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:

Իսկ Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դիտվել է 2123 անգամ:
Print Friendly

Leave a Reply