Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 14:09

Ապրիլի 25-ին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը: Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեցին ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ հանձնվեցին այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվեց Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցում էին ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից: Երևանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգևներ ստացան ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

Դիտվել է 3098 անգամ:
Print Friendly

Leave a Reply