Նոր մանրամասներ ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 14:00

Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ  Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի  փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի  ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի  5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը ձերբակալված է:

Դիտվել է 3052 անգամ:
Print Friendly

Leave a Reply