Նաիրա Կարապետյանի վարքի դեմ բողոք է ներկայացվել ԱԺ էթիկայի հանձնաժողով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2013 20:16

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացրել` պահանջելով քննել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:

Դիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ Մոսկվայի տունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համատեղ իրականացնում է կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների համար, և որոշ ժամանակ առաջ պատգամավորը զանգել է ծրագրի պատասխանատուներին և հոխորտալով ու վիրավորելով <<հաշիվ> պահանջել, թե ինչու իր ասած ուսանողին կրթաթոշակ չեն նշանակել: <<Դուք հավանաբար չգիտեք, թե ում հետ գործ ունեք կամ ինձ լավ տեղը չեք բերում>>,- ասել է Նաիրա Կարապետյանը:

Նաիրա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «Մոսկվայի տան» տնօրենի հետ բոլորովին այլ խոսակցություն է ունեցել, եւ դա կապված չի եղել ոչ կրթաթոշակների եւ ոչ էլ ուսանողների հետ:

«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն ուրախ եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ  էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Նաիրա Կարապետյանն ասել է, որ սա այն դեպքն է, որ կառաջարկի նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվել:

Դիտվել է 3572 անգամ:
Print Friendly

Leave a Reply