Ապրիլի 24-ը Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2013 18:30

Հայոց Ցեղասպանությունից անցել է 98 տարի, գրեթե մեկ դար, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 24-ին Շիրակի և Լոռու մարզի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն են բերում անմեղ զոհերի հիշատակին՝ Շիրակի ՙՋարդի ձոր՚ կոչվող վայրում:
Հենց այստեղ է հավաքվում բազմությունը, ծաղիկներ դնում հուշակոթողին:

Այսօր էլ տեղի ունեցավ սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստի կարգ: Հարակից տարածքում կատարվեց նաև ծառատունկ:

“98 տարի է անցել այն օրվանից, երբ եղավ այլանդակ հրաման, որը կազմակերպեց մեր ժողովրդի պատմության մեջ ամենաեղեռական ողբերգությունը, միլիոն ու կես նահատակներ եղան: Այսօր մեր ժողովրդին պետք են ուժ, կորով, հավատ: Եվ անընդհատ մենք պետք է ոգեկոչենք, հիշենք այս օրը, որպեսզի աշխարհը ճանաչի, հասկանա: Վերջին հաշվով, աշխարհը պետք է իր գնահատականը տա: Մեզ պետք է, որ սրա համար Թուրքիան պատասխան տա: Ես հավատում եմ, որ 21-րդն այն դարն է, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին”, – իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

“Երկու տարի հետո հարյուրամյա տարելիցը կլինի: Թուրքիան պետք է հասկանա, որ եթե ուզում է Եվրամիության անդամ դառնալ՝ պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Շատ եմ կարևորում, որ մենք կարողանանք պայքարել բոլոր միջազգային կառույցներում և շատ պետություններ մեզ արդեն աջակից են”, – զոհերին նվիրված հուշակոթողի մոտ այսպես արտահայտվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Դիտվել է 2890 անգամ:
Print Friendly

Leave a Reply