Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 14:58

Չեխիայի Հանրապետության սենատոր Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատ: «Կարծում եմ անհրաժեշտ է ընդունել իրատեսական փաստաթուղթ, որը կդատապարտի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Չեխիայի սենատորը «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում:

Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար սենատորը երկու հնարավոր տարբերակ է առանձնացնում. առաջինը սլավոնական տարբերակն է` ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր, և երկրորդը ֆրանսիական տարաբերակն է` օրինագիծ ընդունել: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, ես պատրաստվում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր ներկայացնել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերություների և պաշտպանության հանձնաժողովին. հաստատվելու դեպքում արդեն կփորձենք հռչակագիրն անցկացնել Չեխիայի Հանրապետության Սենատում»,-նշել է չեխ սենատորը:

Շտետինայի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան. առաջինը Թուրքիայի դիրքորոշումն է, որ մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդունել այն որպես պատմական փաստ: Մյուս խոչընդոտը, որ առանձնացրեց սենատորը, միջազգային այն քաղաքական գործիչների դիրքորոշումն է, որ խուսափում են գնահատական տալ այդ սոսկալի իրադարձություններին` արդարանալով, թե դա պատմաբանների խնդիրն է: «Նման միտում կա նաև մեզ մոտ` Չեխիայում` հատկապես աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում»,- անկեղծացավ սենատորը: Այն հարցին` արդյոք սենատորին չի մտահոգում, որ, ինչպես այլ պետությունների վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքերում, այս անգամ էլ այդ երկիրը կարող է միջամտել Չեխիայի ներքին գործերին և փորձել խոչընդոտել 2015 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը` Շտետինան ընդգծեց, որ կան մտավախություններ, բայց «եթե տուրք տանք նման մտավախություններին, չենք կարող առաջ գնալ»:

Շտետինան նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը, հնարավոր է, դրական ազդեցություն ունենա Հայոց ցեղասպանության հարցի լուծման վրա: Եվրոպական միության` Թուրքիայի ԵՄ անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, հայկական կողմը, չեխ սենատորի կարծիքով, պետք է զերծ մնա տարածքային կամ դրամական փոխհատուցման պահանջներ ներկայացնելուց, ինչից հատկապես զգուշանում է Թուրքիան և ինչն ավելի է դժվարեցում ճանաչման գործընթացը:

Շտետինան չափազանց կարևոր համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն` նկատելով, որ անպատժելիության արդյունքում դրանից հետո էլի ցեղասպանություններ են կատարվել: «Վերջերս ես այցելել էի Ռուանդա, ուր ցեղասպանության թանգարանում հատուկ Հայոց ցեղասպանությանը նվիրված սրահ է հատկացված: Անգամ աֆրիկական այդ պետությունում հիշում և ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»,- պատմեց նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում Չեխիայի հայությունը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողության հիմնական բանախոսներից է Շտետինան: Արարողությանը կմասնակցի Չեխիական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սերյանյանը:

1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply