Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական | | April 24, 2013 10:17

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է:

Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուկին և Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է և բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը: Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը:

Դիտվել է 3328 անգամ:
Print Friendly

Leave a Reply