Դատախազը` Գյումրիի կրակոցների մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2013 23:16

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն անդրադարձել է Գյումրիում ժամեր առաջ հնչած կրակոցներին, որոնց արդյունքում Արտյոմ Կարապետյանը (Շեկոն), հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե անց` գիտակցության չգալով, մահացել էր: Իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութը, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մահացած հորեղբոր` Սերոբի, երեխաների կնքահայրն է), դեռ գտնվում է “Գյումրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:

Մարզի գլխավոր դատախազը մարզկենտրոնում վիճակը վերահսկելի է գնահատել և խոստացել` ամեն ինչ անել հանցագործներին գտնելու և համապատասխան պատժի ենթարկելու համար. «Գյումրիում իրավիճակն ամբողջությամբ իրավապահ մարմինների կողմից վերահսկվում է եւ վստահեցնում եմ` հանցագործության մեջ մեղավոր որեւէ անձ անպատիժ չի մնալու: Կատարվածը անընդունելի է, կատարման եղանակը նույնպես անընդունելի՝ քաղաքի կենտրում, օրը ցերեկով, շատ բացահայտ կատարվել է դիտավորյալ սպանություն, բայց կրկնում եմ իրավիճակը վերահսկելի է: Քրեական գործի շրջանակներում կատարվում են անհետաձգելի բոլոր գործողությունները: Որպես մարզի դատախազ, իմ պահանջն է՝ հնարավորինս արագ եւ սեղմ ժամկետում այս հանցագործությունը բացահայտել»,- նշել է Կարեն Շահբազյանը:

Դատախազը կատարվածը գնահատել է, որպես դիտավորյալ սպանություն:
Հավելենք, որ այսօր կեսօրին` ժամը 13.00-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով “Գյումրի” բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Ինչպես նշեցինք սկզբում` վերջինս հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ:

Ավելի ուշ ոստիկանության պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

Շիրակի մարզի դատախազը խոստացել է այլ տվյալներ ու մանրամասներ հայտնել ավելի ուշ:

“Կազմված է օպերատիվ քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները` դեպքի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտելու ուղղությամբ: Առաջ են քաշվել մի քանի վարկածներ, թե ում կողմից է այդ դեպքը կատարվել, առայժմ ես վաղաժամ եմ համարում այդ մասին հայտնել: Տվյալ մեքենաները դեպքի վայրում չեն հայտնաբերվել: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ: Կատարվում են բոլոր հնարավոր և անհնարին քննչական գործողությունները”, – իր խոսքը եզրափակել է մարզի դատախազը:

Դիտվել է 1926 անգամ:
Print Friendly

Leave a Reply