Մահացու ելքով կրակոցներ Գյումրիում, բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2013 18:27

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 2752 անգամ:
Print Friendly

Leave a Reply