Պետք է հաշտվենք մեր պատմության հետ. Ահմեդ Ինսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 18:13

Թուրքական «Radikal» թերթի սյունյակագիրներից Ահմեդ Ինսելը իր այսօրվա հոդվածում, որը վերնագրված է «Հաշտվել մեր պատմության հետ», անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարիներին օսմանցիների կողմից հայ կանանց ու երեխաների առևանգման թեմային: Ահա թե ինչ է գրում հոդվածագիրը. «Վաղը՝ ապրիլի 24-ին, կլրանա 98-րդ տարին այն օրից, երբ 1915 թվականին Ստամբուլի հայկական համայքի պատգամավորներին, գրողներին, լրագրողներին, փաստաբաններին, երաժիշտներին, բժիշկներին և մտավորականների կարևոր հատվածին ձերբակալելով աքսորի ուղարկեցին: Նրանց մեծ մասը մահացավ աքսորավայրում կամ աքսորի ճանապարհին: Սրանից մեկ ամիս անց սկիզբ առավ Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության պլանավորված ոչնչացումը: Սա միայն բնակչության հետ կապված մի քաղաքականություն չէր: Մուսուլման օսմանցիները նպատակ ունեին բռնազավթելու հայերի ունեցվածքը: 1920-ական թվականներին Անատոլիայի տարբեր քաղաքներում նկատվում է մի շարք ընտանիքների վայրկյանական հարստացում, ինչի պատճառը սրընթաց տնտեսական վերելքը չէր: Հայկական համայնքից խլվեց ոչ միայն նրանց ունեցվածքը, այլև մուսուլման օսմանցիներին բաժանվեցին հայ կանանց և երեխաների մի մասը: Նրանք իսլամացվեցին: Տեղահանությունից խուսափելու համար շատ հայեր իսլամ ընդունեցին: Վախեցնելու, ահաբեկման և փախցնելու այս քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետության հռչակումից հետո, որի հետևանքով Անատոլիայում վերացվեց հայ ազգաբնակչությունը: Այս հողերում հայերի հազարամյա գոյության հետքերը ջնջելու համար պլանավորված այս պետական քաղաքականությունը անընդհատ շարունակվեց  մինչև վերջին տարիները»:

Հոդվածագիրը, կարևորելով պատմական անցյալում տեղի ունեցած դեպքերի ճիշտ գնահատումը, իր միտքն ավարտում է հետևյալ կերպ. «Խաղաղությունը միայն մեր օրակարգում եղած քրդական հարցը չէ: Մեր պատմության փառավոր էջերի նման այս ամոթալի էջերը հիշելն ու դրանց առերեսվելը, ինչպես նաև ամենից առաջ մեր համընդհանուր հիշողության ու խղճի հետ հաշտվելը այդ խաղաղության մի մասն է կազմում:»

 

 

 

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply