Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2013 15:13

Երեւան, 23 ապրիլի, 2013թ.: Երեկ` ապրիլի 22-ին, Տավուշի մարզի Դիտավան գյուղում կայացավ նորակառույց երկհարկանի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցել եւ կահավորել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը` Հիմնադրամի ՙԲարերար անդամներ՚ Արմեն եւ Նատիա Էքսերճիէան ամուսինների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից Հինադրամին նվիրաբերած ավելի քան 300մլն ՀՀ դրամի շնորհիվ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:

Բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, բարերար ընտանիքը զավակների ու թոռների հետ միասին: Դիտավանցիներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙԴիտավանի պատվավոր գյուղացիներ՚ կոչմանն արժանացած Էքսերճիէան ամուսիններին:
ՙՏեր եւ տիկին Էքսերճիէանների շնորհիվ Դիտավանն այսօր զգալիորեն բարվոք վիճակում է: Պահպանեք այն ինչ ձեռք բերեցիք այս մեծահոգի ընտանիքի եւ նրանց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի թեթեւանան ձեր հոգսերը՚, – ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրենը:

ՙՈ±վ կմտածեր, որ մի օր մեր գյուղ կայցելեն Էքսերճիէան ամուսինները եւ այսքան կփոխվի մեր կյանքը: Հպարտ ենք, որ նման մարդիկ են կանգնած մեր կողքին՚- իր երախտիքի խոսքում ասաց դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: Բացմանը համայնքի անունից շնորհակալական խոսք ասաց նաեւ համայնքի նախկին ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, ով բարերար ընտանիքին նվիրեց իր տնամերձ հողատարածքը:

Շուրջ 300 բնակիչ ունեցող համայնքն ունի 30 դպրոցահասակ երեխա:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply