Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պետք է խոսքից գործի անցնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2013 14:35

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմական գիտ. թեկնածու Գևորգ Մելքոնյանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, ովքեր փորձեցին վերլուծել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համատեքստում մեր երկրի անելիքները:
Ըստ Գևորգ Մելքոնյանի` բավարար չէ, որ Հայաստանի ներսում գրվեն հոդվածներ ու գրքեր ցեղասպանության վերաբերյալ, անհրաժեշտ է թարգմանել այդ գրքերը աշխարհի տարբեր լեզուներով և հարցը տանել միջազգային ճանաչման:
Հայկազուն Ալվրցյանը ևս շեշտադրում կատարեց այն պրոբլեմին, որ վերջին տարիներին մենք շարունակ խոսում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բայց գործի չենք անցնում, քանի որ այս հարցում զգացմունքների մակարդակում ենք մնացել: Բանախոսը նշեց, որ, որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանից դուրս շատ ավելի լուրջ ուսումնասիրություններ ու գործեր են արվում այս ուղղությամբ: Անգամ ազգությամբ թուրք ուսումնասիրողներ կան, ովքեր լրջագույն աշխատություններ ունեն` գրված հայերի տնտեսական կորուստների մասին, իսկ մեր մասնագետները աղոտ պատկերացումներ ունեն այս թեմայի շուրջ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու պետական մակարդակով հոլիվուդյան ֆիլմեր չեն պատվիրվում հայոց ցեղասպանության թեմայով, բանախոս Հայկազուն Ալվրցյանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծի ոչ թե պետությունը, այլ անհատները, ովքեր ունեն գումար, բայց անհասկանալի է, թե ինչով են զբաղված առհասարակ: Բացառությամբ մի քանի սփյուռքահայերի` մյուսները ասես չեն գիտակցում, որ թեկուզ հենց կինոինդուստրիայի մակարդակով իրոք կարելի է բարձրացնել այս խնդիրը, ինչի վառ ապացույցն են, օրինակ, «Մայրիկ» և «Արտույտների ագարակը» ֆիլմերը:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply