“Իմաստունների հանձնաժողովը” մոմ է վառել Թուրքիայի վերջին հայկական գյուղի եկեղեցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 19:38

Թուրքիայում քրդական հարցի կարգավորման համար ստեղծված “Իմաստունների հանձնաժողովի” անդամները երեկ այցելել են Վաքըֆլը, որը Թուրքիայում մնացած վերջին հայկական գյուղն է, հաղորդում է թուրքական “Միլլիյեթ” թերթը։

Պատվիրակության անդամները այցելել են Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, մոմ վառել։ Դերասանուհի Լալե Մանսուրը հայերին ողջունել է հայերենով՝ ասելով.” Ձեզ շատ ենք սիրում: Ողջույն և բարով եկաք”։

Պատվիրակության կազմում գտնվող թուրք հայտնի դերասան Քադիր Ինանըրը հայ քաղաքացիներին խոստացել է, որ ստեղծվելիք նոր Սահմանադրությունը լուծելու է Թուրքիայում ապրող բոլոր հատվածների խնդիրները։ “Հանգիստ ապրեք, սահմանադրության մեջ դուք էլ եք ընդգրկվելու”, – ասել է նա:

Վաքըֆլըի հայ համայնքի ղեկավարը հիշեցրել է, որ իրենց գյուղը Թուրքիայում մնացած վերջին հայկական գյուղն է։ “Մեր եկեղեցին 100 տարեկան է։ Այստեղ ապրում ենք արդեն 135 տարի։ Ցավոք, մեր գյուղը Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղն է”,-ասել է նա։

Համայնքի ղեկավարը նշել է նաև, որ քանի որ իրենք ընդամենը 29 աշակերտ ունեն, գյուղում դպրոց չի բացվում, և երեխաներին ստիպված ուղարկում են Ստամբուլի հայկական դպրոցները։

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply