Երևանում մեկնարկել է «Հայերենն իմ սրտում է» խորագրով Համահայկական Երիտասարդական Համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 14:19

Ապրիլի 22-24-ը Երևանում անցկացվում   է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» խորագրով Համահայկական Երիտասարդական Համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ հյուրեր սփյուռքի բազմաթիվ հայկական համայնքներից, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, սփյուռքահայ երիտասարդներ:

Մեկ ժամ առաջ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո «Հայերենն իմ սրտում է» համաժողովը հայտարարեց բացված:«21-րդ դարի հայ երիտասարդը պետք է իմանա հայերեն, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում կարողանա պահել իր հայի տեսակը»,-նշեց նախարարը:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես  եկավ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր ուժը մեր միասնության մեջ է»,-նշեց վարչապետը, կարևորելով Սփյուռքի նախարարության առաքելությունը հայապահպանության գործում: «Հայերենն իմ սրտում է» համաժողովին հնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարների տեղակալների ողջույնի խոսքերը:

Վաղը համաժողովի երկրորդ օրվա շրջանակներում մասնակիցները կբաժանվեն երեք թեմատիկ խմբի՝ Երիտասարդության հիմնախնդիրներ, Լեզվամշակութային հիմնախնդիրներ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Զեկույցներով ու առաջարկներով հանդես կգան ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայկական համայնքների երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները վաղը երեկոյան կմասնակցեն նաև Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին, ապրիլի 24-ին նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպված ծառատունկին, կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply