Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է օտարերկրյա գրողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2013 12:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն էր. «Համայն հայության մայրաքաղաք Երևանը պատվով է կրել գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր տիտղոսը, ինչն էլ ավելի աշխույժ ու ջերմ էր դարձրել մայրաքաղաքի մշակութային կյանքը: Անցած մեկ տարվա ընթացքում Երևանում անցկացվեցին գրքին ու ընթերցանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ և կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ նաև հաջողվեց երիտասարդ սերնդի մեջ գրքի և ընթերցանության նկատմամբ առաջացնել ցանկալի հետաքրքրությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ մայրաքաղաքի հյուրերից յուրաքանչյուրն էլ իր հայրենիք կվերադառնա Երևանի ու երևանցիների մասին հաճելի հուշերով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, օտարերկրյա գրողների պատվիրակության անդամները նշել են, որ միջազգային փառատոնի անցկացումն ու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները մշակութային երկխոսություն ծավալելու լավ առիթ էին:
Նոբելյան մրցանակի հավակնորդ, Գյոթեի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Ադոնիսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանի սերն ու ջերմությունը գրողի ու մշակույթի նկատմամբ հենց առաջին հայցքից էր տեսանելի:, ինչի վառ ապացույցը հայ բանաստեղծների անուններով անվանակոչված երևանյան փողոցներն էին. «Անկեղծորեն հիացած եմ բացահայտելով, որ երևանյան շատ փողոցներ անվանակոչված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գրողների անուններով: Նման հարգալից վերաբերմունք գրողների և բանաստեղծների նկատմամբ չեմ տեսել աշխարհի և ոչ մի երկրում: Ժողովուրդները մեծ են ոչ թե իրենց քանակով կամ երկրի մեծությամբ, այլ մշակույթի նկատմամբ դրսևորած իրենց վերաբերմունքով: Եվ այս առումով վստահորեն կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, որը հարուստ է ստեղծագործական ոգով ու ներուժով, իսկապես որակական մեծ դերակատարում ունի համաշխարհային մշակույթի վրա»,-նշել է Նոբելյան մրցանակի հավակնորդը Ադոնիսը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի մասին արտահայտված ջերմ խոսքերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հանդիպման մասնակից գրողները հաճախակի կայցելեն Հայաստան ու հնարավորություն կունենան առավել լիարժեք ծանոթանալու ինչպես հայ գրականությանն ու մշակույթին, այնպես էլ երևանյան ինքնատիպ կոլորիտին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1616 անգամ:
Print Friendly

Leave a Reply