Դավիթ Հարությունյանը Թուրքիային սաստելու կոչով դիմել է ԵԽ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2010 22:45

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը դիմել է ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ-ի նախագահ Մեվլյութ Չավուշօղլուին եւ ազգային պատվիրակություններին նամակով, որում իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ մեկ ամիս առաջ արված հայտարարությունն անարձագանք թողնելու կապակցությամբ: ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումից հետո Էրդողանը,մասնավորապես, սպառնացել էր, որ Թուրքիայում ապրող եւ այդ երկրի քաղաքացի չհանդիսացող հայերը ցանկացած պահի կարող են վտարվել:

ՙՆման անպատասխանատու հայտարարությունները ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ միջազգային բոլոր համաձայնագրերի եւ պայմանագրերի աղաղակող խախտում են եւ պահանջում են Եվրոպայի խորհրդի եւ Խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքն ու սեւեռուն ուշադրությունը: Ցավալի է, որ մինչ այսօր ո’չ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ո’չ ԵԽԽՎ նախագահը չեն արձագանքել նման անպատասխանատու հայտարարություններին, որոնք խախտում են կազմակերպության սկզբունքները՚,- ասված է Դ.Հարությունյանի նամակում:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը նշել է նաեւ. ՙԵվրոպայի խորհուրդը պետք է հստակ եւ աներկբա զգուշացնի Թուրքիայի կառավարությանը` իր վարչապետի կողմից կատարված հայտարարությունների բնույթի եւ բովանդակության, եւ այս խնդիրը որպես օտար երկրների վրա ճնշման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին՚:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը մեկ այլ նամակով արձագանքել է ԵԽԽՎ-ի նախագահ, թուրք պատգամավոր Մեվլութ Չավուշողլուի առաջարկին` Կատինի կոտորածի տարելիցը որպես պատմական արդարության վերականգնման օր հիշատակելու վերաբերյալ: ՙԴա իրավ շատ գովելի է լսել ձեզնից` ոչ միայն որպես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այլեւ որպես Թուրքիայի իշխող կուսակցության անդամ: Դրանով դուք վկայեցիք, որ չեք պնդում, որ պատմությունը միայն պատմաբանների քննության առարկան է: Հուսով եմ, Դուք ամուր կկանգնեք ձեր սկզբունքներին եւ կմիանաք հայ ժողովրդին` նշելու Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված անարդարության 95-ամյակը եւ կհակազդեք Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողներին՚,-ասված է Դ.Հարությունյանի նամակում:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply