Թուրքերը վախենում են, որ ԱԶԿ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Օրվա լուր | | April 20, 2013 15:50

Եվրասիական անվտանգության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ դոկտոր Հաթեմ Ջաբարլըն թուրքական «1news» կայքում հրապարակված իր հոդվածում անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքական կառավարության ձեռնարկած քայլերին: Ահա թե ինչ է գրում է նա. «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: ԱԶԿ-ն սահմաններ չճանաչող իր հայտարարություններին ինքն իրեն այնքան է ընտելացրել, որ անհնարին է թվում, որ հարցի վերաբերյալ մարտավարական և ռազմավարական քայլեր կձեռնարկի: Եթե մի երկրի նախագահ կարողանում է ոտնահարել թրքությունը, ներքին գործերի նախարարը 40 տարի է ահաբեկիչներ կոչվող PKK-ի անդամներին մարտիկներ է անվանում, կառավարությունը կարողանում է արգելել, որ ցույցերի ժամանակ ծածանվի թուրքական դրոշը, նախարարական և պետական վարչությունների անվան դիմացից կարողանում են հանել Թուրքիայի Հանրապետություն արտահայտությունը և դա չի հանդիպում լուրջ դիմադրության, ապա նույնիսկ զարմանալի չէ, որ 2015 թվականին նախագահը գնա Հայաստան, ծաղկեպսակ դնի ցեղասպանության զոհերի հուշարձանին և ներողություն խնդրի հայերից: Հայերն ու հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում վերջին տարիներին լուրջ հաջողություններ են գրանցել և հոգեբանորեն Թուրքիայից մի քայլ առաջ են: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության հարցում հայերի տեսակետներին աջակցող այնքան ժողովներ են եղել Թուրքիայում, այնքան տեղեկատվություն է տարածվել, որ մտավորականների հատվածը պաշտոնական պառակտման է ենթարկվել: Բավական է հիշել, որ մի խումբ մտավորականներ ներողություն խնդրելու նախաձեռնություն սկսեցին: Անհնարին է թվում, որ թուրքական մեծ մամուլում ու հեռուստատեսային ալիքներում հակահայկական որևէ բառ կարտասանվի: Եթե այսպես շարունակվի ԱԶԿ-ի կառավարությունը կարող է ներողություն խնդրել հայերից երբեք չգործած ցեղասպանության համար` այդ քայլը հանրությանը ներկայացնելով որպես ծայրահեղ անհրաժեշտություն»:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply