Դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերում

Օրվա լուր | | April 20, 2013 15:30

Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ)։ Նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը։
Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերի բնակչությանը։ «Hollywood Non-Stop»-ն արդեն իսկ ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, և այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել նվագախմբի ելույթները։ Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե դասական երաժշտություն քիչ են լսում։ Մարդիկ սիրում են դասական երաժշտությունը, դրա կարիքն ունեն, պարզապես պետք է գտնել մատչելի ձևաչափ` այն ավելի ճիշտ ներկայացնելու, հասանելի ու սիրելի դարձնելու համար։
Արտաշատի հանդիսատեսին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան։ Նա բարձր գնահատեց ՀՊԵՆ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այս մշակութային փոխանակման ծրագրի միջոցով հայ հանդիսատեսին է ներկայացվում ամերիկյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, բացի այդ, սա նաև մեծ հնարավորություն է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար ներկայացնելու իրենց հմտությունները։
Արարատի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Մերի Կարապետյանի կարծիքով՝ Երիտասարդական նվագախմբի արտաշատյան ներկայացումը մշակութային մեծ իրադարձություն է, սպասված ելույթ, որն բարձրացնում է հանդիսատեսի գեղագիտական ճաշակը, ամոքում ու պարգևում հոգեկան ներդաշնակություն:
Արտաշատի Շահումյանի անվան դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Զառա Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց համար համերգային այս ծրագիրը լավ առիթ էր վայելելու դասական երաժշտությունը՝ առանց Երևան հասնելու. ՙՖիլմերը դիտել էինք, երաժշտությանը ծանոթ էին, սակայն շատ հաճելի էր ունկնդրել այն դասական մատուցմամբ։ Հանդիսատեսն այսօր մաքուր երաժշտության կարիք ունի, և Երիտասարդական նվագախումբը մեզ ընձեռեց այդ առիթը՚։
Նշենք, որ «Hollywood Non-Stop» նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. մարտի 15-ին։ 2012-ի ընթացքում այն ներկայացվել է Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել է ամերիկյան ֆիլմերի սաունդթրեքները։ Նախագիծը նվիրված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։
«Hollywood Non-Stop» համերգային ծրագիրն առաջիկայում կներկայացվի նաև հանրապետության այլ քաղաքներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կշարունակի իր այցելությունները մարզեր՝ տարբեր համերգային ծրագրերով ներկայանելով մարզաբնակ հանրությանը։

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել` (010) 58 14 71 , (098) 310 360
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
media@bemproduction.am
Պաշտոնական կայքէջ` www.syoa.am,

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply