Ա. Գեւորգյանն ընդունեց ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2013 23:36

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Ա. Գեւորգյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իրանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացմանը: Երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ, ընդլայնվում եւ զարգանում է առեւտրատնտեսական համագործակցությունը, խոշոր ծրագրեր են իրականացվում տնտեսական ոլորտում: «Բայց կարծում եմ, երկրների հարաբերություններում բարեկամությունը բնորոշող ամենակարեւոր բաղադրիչը հումանիտար համագործակցությունն է. մշակութային փոխգործակցությունը բոլորովին այլ որակ է հաղորդում հարաբերություններին»,-նշեց Ա. Գեւորգյանը:

Նա ողջունեց այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության միջեւ 2013-2016 թթ. մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրումը` նկատելով, որ ոլորտում համագործակացությանն առավել համակարգված բնույթ է հաղորդվում: Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ ծրագրով նախատեսված միջոցառումները նոր լիցք կհաղորդեն մշակույթի եւ արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցությանը` այդ համատեքստում դրական համարելով նաեւ ոլորտի պատասխանատուների փոխայցելությունները:

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի խոսքով` առկա է փոխգործակցության մեծ ներուժ, երկու բարեկամ եւ հարեւան երկրները, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն եւ համագործակցության մեծ փորձ, կարող են շատ ավելի լայն գործակցություն հաստատել:
Ստորագրված փաստաթուղթը, ըստ նրա, համապատասխան դաշտ է ստեղծում մշակութային ծրագրերի իրագործման համար, եւ տարբեր միջոցառումների անցկացումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մեծացմանը, շփումների ակտիվացմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply