ՀՔԾ-ն Խուդյանի քրեական գործին է կցել Ղևոնդ Ղալումյանի և Վլադ Մանգասարյանի վերաբերյալ փաստերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2013 17:08

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանի մասնակիցների վերաբերյալ նոր փաստերը կցվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերությանն առնչվող քրեական գործին: Խոսքը վերաբերում է գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 5-ին Հատուկ քննչական ծառայություն ուղարկված դիմումում ներկայացված նոր փաստերին, որոնք առնչվում են ինչպես Խուդյանի հիմնադրած ընկերության փայատեր ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանին:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնում են, որ Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի գրությունը կցվել է քրեական գործին և ինչպես գրության մեջ նշված, այնպես էլ քրեական գործով պարզաբանման ենթակա բազմաթիվ հանգամանքների շուրջ իրականացվում է համապատասխան նախաքննություն:

Նշենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հիմնադիր և մասնակից, Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը քրեական գործի ներկա փուլում, ձեռքի տակ ունենալով քրեական գործի հետ առնչվող, այդ թվում նոր ձեռք բերված փաստաթղթեր, քրեական գործի քննությանը օժանդակելու նպատակով ապրիլի 5-ին ՀՔԾ պետ Միրզոյանի անունով դիմում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` խնդրելով վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ուշադրությունը հրավիրել դիմումում ներկայացված փաստերի վրա: Իսկ այդ փաստերով հիմնավորվում են մի շարք դրվագներ: Մասնավորապես այն հանգամանքը, որ Վլադիսլավ Մանգասարյանը 18.06.2010թ.-01.10.2010թ. ժամանակահատվածում ընկերությանը պատկանող ավելի քան 4.500քմ տարածք է օտարել, իսկ սնանկության գործով`մոտ 2000քմ տարածք է ձեռք բերել, որի մի մասն օտարել է, իսկ մնացածը գրավադրել «Հայբիզնեսբանկում»: Այն հանգամանքը, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը 2007թ.-19.06.2009թ. հունիս ամիսներին, երբ փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը, գնորդների կողմից վճարված գումարների մի մասի`1մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.725.850 ՀՀ դրամի չափով կեղծ փոխառության պայմանագրեր է կնքել ընկերության հետ և հետագայում համապատասխան չափի գումարներ է հետ ստացել: Ստացվում է, որ իրական գնորդների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության հաշվին, սակայն դրանցից 333.725.850 ՀՀ դրամը ձևակերպում է ստացել, որպես Ղալումյանի կողմից տրված փոխառության: Մինչ 2009թ. հունիս ամիս Ղալումյանը «հետ է ստացել» 333.725.850 ՀՀ դրամը, իսկ այդ գումարները վճարած  քաղաքացինների մի մասն այդպես էլ բնակարան չի ստացել: Արդյունքում, գնորդներից ու ընկերությունից բացի, նաև պետությանն է առանձնապես խոշոր չափերի վնաս հասցվել, քանի որ հարկերը հաշվարկվել են, ոչ թե իրական գնորդի կողմից վճարված գումարի չափով գործարքի, այլ` նախնական պայմանագրերի հիման վրա կնքված հիմնական պայմանագրերի հիման վրա: Ղալումյանը հավելյալ շահույթ է ստացել նաև բնակարանների վաճառքից մոտ 450.000 Ամն դոլարն ընկերությանը չվճարելու ձևով:

ՀՔԾ ներկայացված փաստերով հիմնավորվում է նաև, որ Երևանի քաղաքապետի 06.05.2010թ. որոշմամբ, ընկերությանը պատկանող  Մաշտոցի 33ա հասցեից, որպես` Մաշտոցի 33/3 հասցեով առանձնացվել են ավտոկայանատեղիները և նույն օրը ընկերության տնօրեն Եսայանի կողմից իրավունքների գրանցման դիմում է ներկայացվել կադաստր, սակայն այդ հասցեի և գույքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան, այդ թվում` սնանկության վարույթով: Իսկ կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն` այդ տարածքների նկատմամբ որևէ մեկի իրավունք գրանցված չէ

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն է  տեղափոխվել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: Թե 2 տարի ՊԵԿ քննչական ծառայությունում նախաքննված և հիմա արդեն ՀՔԾ ուղարկված քրեական գործով նախաքննությունը ընդհանրապես ինչ ընթացք է ստանում ՀՔԾ-ում և մինչ օրս ինչ գործողություններ են ձեռնարկվել նախաքննության շրջանակներում` հնարավոր չեղավ պարզել: ՀՔԾ-ից նախաքննության ընթացքի հետ կապված փոխանցում են միայն հետևյալը. “ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի կարգով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկիվ նախաքննություն.:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply