Տեղի կունենա «Ճանաչիր Երևանը» հեծանվավազքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 11:34

Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ի և «ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը:

Մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:

Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երևան քաղաքի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ կխթանվի նաև առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգստը, բացի այդ, կընդգծվի հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։

Հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։

Երիտասարդական կառույցներն ու խմբերը հեծանվավազքին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 30-ը՝ chanachir.yerevan@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply