ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2013 22:12

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 18-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում եւ օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները հետայսու ավելի բարձր գնահատեց, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության եւ նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
ԱԺ փոխնախագահը հորդորեց նաեւ չեխ գործընկերներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձեւը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:
Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Բաուերը տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին: Նա կարեւորեց միջպետական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների գործադրած ջանքերը եւ հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է նպաստելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ու եվրաինտեգրման իր փորձը փոխանցելու բարեկամ երկրին:
Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ:

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply