Խոսրով Հարությունյան.«Կոոպերացիաները կարող են դառնալ հակամոնոպոլիստական լուրջ գործոն»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2010 18:01

Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիաների հիմնախնդիրներն էին քննարկվում այսօր Ագրարային համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ:

ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանն ասում է, որ  Հայաստանի անկախացումից ի վեր գյուղատնտեսության ոլորտում լուրջ ներդրումներ են կատարվել, սակայն գյուղացին մնացել է նախկինի պես անօգնական ու չկողմնորոշված:  «Հայաստանում գյուղացիները այսօր մշակում են իրենց սեփականաշնորհած հողերի 45-50 տոկոսը միայն:  Գյուղացին շահագրգռված չէ գյուղատնտեսությամբ, իր երեխայի ապագան նա գյուղում չի տեսնում»,- ասում է Խոսրովյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանի անվտանգության առանցքային գիծն է:

Ըստ Հարությունյանի՝ այժմ Հայաստանում գործող  340 հազար գյուղացիական տնտեսությունների հետ  պետությունը չի կարող առանձին-առանձին արդյունավետ աշխատել, իսկ գյուղացիական կոոպերացիաների հետ արդյուանվետ համագործակցություն կարող է ծավալվել:

Հարությունյանի կարծիքով՝ կոոպերացիաները կարող են դառնալ նաև հակամոնոպոլիստական լուրջ գործոն:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանի խոսքով՝  աշխարհի փորձը ցույց է տվել, որ կոոպերացիան գյուղատնտեսության զարգացման մայրուղին է: «Գյուղատնտեսությունն է այսօր տալիս երկրի ՀՆԱ-ի 21 տոկոսը, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումները շատ փոքր են: Երբ ներդրումները սահմանափակ են, արդյունավետություն էլ է շատ ցածր»:

Պատգամավոր Խաչիկ Մանուկյանի կործիքով՝ գյուղացիական կոոպերացիաներին այլընտրանք չկա: Նա նշում է, որ ամեն գյուղացուն բաժին է ընկնում մոտ 1,4 հա հող, որից 1 հա-ն վարելահող: Սակայն ամեն գյուղացու հողատարածքները տարբեր՝ 4-5 միմյանցից հեռու վայրերում են տեղաբաշխված, ինչը  թույլ չի տալիս արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Պատգամավորն ասում է, որ Հայաստանում վարելահողերի մի զգալի մասն անմշակ է մնում, մինչդեռ ամեն տարի Հայաստան  է ներկրվում մեծ քանակությամբ հացահատիկ և այլ գյուղմթերքներ: «Գյուղատնտեսության քաղաքականության անկյունաքարը պետք է դառնա կոոպերացիայի ստեղծման իրավական հիմքերի ապահովումը»,- ասում է Մանուկյանը:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply