ՌԱՀՀԿ-ը քննարկեց ժողովրդավարության կայացմանը միտված քաղաքացիական շարժումների պատմական դերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 21:46

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց սեմինար-քննարկում, որի առանցքում ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքերի քննարկում էր, որոնք հնարավորություն են տվել հասարակ քաղաքացիներին չհնազանդվելու իրենց ճնշող ղեկավարներին ոչ թե զենքի, այլ պայքարի ոչ բռնի եղանակների կիրարկման միջոցով: Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:
Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ ընգծելով ողջ աշխարհում քաղաքացիական դիմադրության շարժումների կարեւորությունը: Նա մասնավորապես ընդգծեց. «Չնայած ժամանակի, տեղի եւ քաղաքական միջավայրերի տարբերություններին՝ նրանցից յուրաքանչյուրը բխեցրել է ընտրության մի շղթա՝ ինչ անել եւ ինչպես օգտագործել առկա հնարավորություններն արդյունք ստանալու համար»:
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն իր հերթին նշեց Հայաստանի սոցիալ- քաղաքական միջավայրում քաղաքացիական նախաձեռնությունների ծավալման կարեւորությունը՝ միտված հանրային գիտակցության բարձրացմանը եւ ժողովրդավարության աջակցությանը: «Քաղաքացիականի տիրույթում է ժողովրդավարության եւ ազատության պայքարի նախաձեռնումը, եթե մասնակիցները օժտված լինեն համապատասխան գիտելիքով՝ ինչպես օգտագործել ռազմավարական ոչ բռնի դիմադրության գործիքակազմը»:
Քննարկման ավարտին ծավալված հարցուպատասխանին մասնակցող երիտասարդ ակտիվիստները համաձայնեցին, որ ոչ բռնի դիմակայությունն արժանի է ավելի մեծ ուշադրության, քան այն մինչ այժմ ստացել է:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply