Ադրբեջանցի պատգամավորի և հայ երաժշտի խաղաղության ժեստը դարձել է ստամբուլյան մրցանակաբաշխության ամենահիշարժան պահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 18:37

«Magazinci.com» կայքի կողմից Ստամբուլում կազմակերպված «Ինտերնետային մեդիայի տարվա լավագույնները» 12-րդ մրցանակաբաշխությանը  բազմաթիվ աստղեր են ներկա գտնվել: Միջոցառման ժամանակ ամենահիշարժան պահը եղել է, երբ Ադրբեջանի պատգամավոր Գանիրա Փաշաևան, ով մշտապես հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով, և հայկական արմատներով թուրք երաժիշտ Հայկո Թաթարյանը իրար ձեռք են սեղմել:

Թուրքական «Haberler»-ը գրում է, որ երեկոյի ընթացքում Թաթարյանը ստացել է «Ցմահ փառք» մրցանակը, իսկ Փաշաևան արժանացել է «Տարվա միջազգային բարեկամություն և խաղաղություն» մրցանակին: «Շնորհակալություն եմ հայտնում թուրք ժողովրդին, որ չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև եղած ճգնաժամին, նրանք ինձ ծափահարում էին ինչպես թուրքական, այնպես էլ հայկական երգեր կատարելիս: Հպարտ եմ, որ Թուրքիայի Հանրապետության հայկական ծագում ունեցող քաղաքացին եմ»,-նշել է Հայկո Թաթարյանը՝ շրջվելով դեպի Փաշաևան և ցանկություն հայտնելով սեղմել վերջինիս ձեռքը:

Ինչպես գրում է կայքը՝ Փաշաևան էլ գնացել է նրան ընդառաջ, և սեղմելով Թաթարյանի ձեռքը, խաղաղության ուղերձ է հղել: «Ես շատ լավ գիտեմ, թե խաղաղությունը ինչ է նշանակում, քանի որ երիտասարդությունս պատերազմում է անցել: Մեր ամենագեղեցիկ տարիները պատերազմում են անցել: Խաղաղության համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս իր ձեռքը քարի տակ դնի»,-ասել է Փաշաևան՝ շնորհակալություն հայտնելով իրեն շնորհված մրցանակի համար:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply