Լուրջ փորձություն Ավստրիայում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 25, 2013 12:05

Մայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք ընդգրկված են 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ են այդ տարիքի մեր մարզուհիները կարողությունները փորձելու հին աշխարհամասի առաջնությունում: Վիճակահանությամբ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:

Մեր ընտրանին, որը մարզում են Անահիտ Հարությունյանը և Աստղիկ Գյուրջինյանը, մարզումները սկսել է 2012-ի նոյեմբերից: Ներկայումս թիմը պարապում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և «Հայաստան» մարզական միության աթլետիկայի մարզասրահում: Շաբաթական 5 պարապմունք է անցկացվում: Երեք  օր տրամադրվում է տեխնիկատակտիկական պատրաստականությունը բարելավող  մարզումներին, 2 օր էլ ընդհանուր ֆիզիկական պարաստականությունը բարելավող մարզումներ են կազմակերպվում: Առաջիկայում նախատեսվում են նաև ստուգողական հանդիպումներ: Այդ նպատակով մեր երկրի մարզուհիներն ուղևորվելու են Վրաստան և մրցելու են այդ երկրի իրենց հասակակիցների հետ:

«Թիմի կազմում հիմնականում 19 տարեկան խաղացողներ են: Նրանց մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել և վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն երկար ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի  մինչև 17 տարեկան մարզուհիների հավաքականում: Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ասաց Գյուրջինյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ թիմի միջին հասակը 1մ 70 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հավաքականը պարապելու խնդիր չունի, մարզագույքով ապահովված է: Մինչև եվրոպական ստուգատեսն անցկացվելու է նաև այս տարիքի հանդբոլիստուհիների առաջնությունը, որից հետո էլ կորոշվի հավաքականի վերջնական կազմը:

Դիտվել է 5416 անգամ:
Print Friendly

Leave a Reply