Անձնազոհությունը ոգու կանչ էր« բերդաձորցի» Արմենի համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 21, 2013 7:00

Արցախյան ազատամարտը 1994 թ. ապրիլի 21-ին խլեց հերթական թանկագին զոհերը` միանգամից 14 կյանք: Որդեկորույս  ևս 14 մայր ունեցանք, այն դեպքում, երբ հրադադարին հաշված օրեր էին մնացել:

Մարտակերտի շրջանի Կարմիրավանի մատույցներում խրամատավորված շենգավիթցի տղաները` շուրջ 30 քաջերը, հրամանի էին սպասում, երբ կատարվեց անսպասելին: Թշնամին, խորանալով նրանց դիրքերը, օղակի մեջ առավ նրանց: Ակամա շրջափակման մեջ հայտնվելով` քաջ մարտիկներն անձնուրաց կռվի մեջ մտան, կռվեցին մինչև վերջին փամփուշտը: Հրամանատարներ Արմեն Հովհաննիսյանն ու Վահագն Վարդևանյանն ամեն ինչ արեցին, որ ապահովեն մարտիկների նահանջն ու դուրս գան կրակե օղակից: 30-ից միայն 16-ին հաջողվեց մարտով ճեղքել թշնամու օղակը և դուրս գալ մահվան ճիրաններից: Իսկ մնացածները,որոնց թվում նաև հրամանատար Արմեն Հովհաննիսյանը, հավերժի ճամփորդներ դարձան:

Ոչ ոք հետաքրքրության համար պատերազմ չի գնում: Մշեցի Մուշեղ պապի արյունը երակներում` երիտասարդ Արմենը շարժման առաջին օրերից լռելյայն նվիրվեց հող հայրենիի պաշտպանությանը, հաճախ սեփական կյանքը վտանգելով` ապացուցեց իր նվիրումը ազգին:

Նա ծնվել է 1963 թ. մայիսի 24-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և որպես փականագործ աշխատանքի անցել «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման թիվ 12 արտադրամասում: Փականագործից տեղամասի վարպետ դարձավ: Եվ ոչ միայն, ինչպես Պարույր Սևակն է ասում, Արմենը աշխարհը շալակած մարդկանցից էր, որովհետև 1988-ի երկրաշարժի, Արցախի ցավը նաև նրանը դարձավ: Երբ գործարանում երկու փրկարար ջոկատ կազմվեց, Արմենն աղետի գոտի մեկնեց:

Իսկ հետո գործարանի «Արցախ» բարեգործական միության ակտիվիստներից դարձավ, որի շրջանակներում ձեռք բերված բազմաթիվ շարժական էլեկտրաագրեգատները նվիրեցին Արաբկիրի թիվ 5 մանկական հիվանդանոցին, Կամո քաղաքի մանկատանը: Արցախ տեղափոխեցին սննդամթերք, կենցաղային իրեր: Արմենի նախաձեռնությամբ ու «Հայ դատի» հովանավորությամբ 1990 թ. հրատարակվեց «Զորավար Անդրանիկը», իսկ 1991թ.` Գարեգին Նժդեհի մասին պատմող «Հավատամք» գրքերը: Իսկ երբ գործարանում սկսվեց զենքի արտադրությունը, այստեղ էլ նա իրեն չխնայեց: Գիշեր-ցերեկ հաստոցի առջև էր:

25-ամյա երիտասարդը մտահոգ էր նաև Նախիջևանի հայապահպանության խնդրով, քանզի մինչ Արցախ մեկնելն Արմենն իր ընկերների հետ Օրդուբադի շրջանի Ազա գյուղ զենք ու գումար տարավ, որպեսզի հայերին կարողանան պահել գյուղում, բայց արդեն ուշ էր, շատերն էին հեռացել, մնացած հայրենակիցներին էլ հուսալքությունն էր պատել: Իսկ Զնաբերդի բնակիչներին բաժանեցին մեր պապերի որսորդական հրացանները, որպեսզի կռվեն: Չկռվեցին: Գյուղը մի գիշերում դատարկվեց:

Նրա մուտքն Արցախ Բերդաձորով սկսվեց: Երբ 1988-ին Ազատության հրապարակում առաջին հանրահավաքներն էին տեղի ունենում, իսկ Արցախում` ձերբակալություններ, Արմենն իր ընկերների հետ զինված ջոկատով արդեն Բերդաձորում էր: Ենթաշրջանն ուներ մի քանի գյուղ` Մեծ Շեն (Կիրով), Տասը Վերստի, Եղծահող, Կանաչ Թալա, Խերխան. գյուղեր, որոնց հայաթափումը ոչ միայն հակառակորդի, այլև նրան օգնության հասած ռուսական ուժերի գերխնդիրն էր:

Իսկ երբ 1990 թ. Ազատության հրապարակի հերթական հանրահավաքում հայտարարվում է, թե մինչև ատամները զինված մեր 200 տղաները Բերդաձորում են, հետևանքը չի ուշանում: Բերդաձորը չորս կողմից շրջափակվում է, խճուղային բոլոր ելումուտները` հսկվում:

Բայց իրական հերոսը, իրոք, մահից ու ահից չի վախենում, ինչպես չվախեցան ո՛չ Արմենը, ո՛չ էլ նրա մարտական ընկերները: Ասվածի ամենավառ ապացույցը, թերևս, Եղծահողի գյուղապետ Ռ. Նասիբյանի բնութագրումն է. «1988 թ. մեր հարևաններն ուզում էին մեզ ծնկի բերել քաղցի մատնելու միջոցով: Ամեն օր կազմակերպում էին սպանություններ, հրկիզումներ, ահաբեկչություններ: Նրանց նպատակն էր հայաթափել Բերդաձորի ենթաշրջանը և դրանով Արցախը վերջնականապես անջատել Հայաստանից: Ահա այդ օրհասական օրերին Բերդաձորին իր օգնության ձեռքը մեկնեց Հայաստանից եկած կամավորական ջոկատը, որի կազմում էր նաև Արմեն Հովհաննիսյանը: Անտեսելով վտանգը` նա իր ընկերների հետ ամեն ինչ անում էր` ուղղաթիռով ժամանակին Բերդաձորին հասցնելու ամեն տեսակի օգնություն: Կարճ ժամանակում նա արժանացավ բնակիչների սիրուն ու հարգանքին: Բերդաձորն ընկղմված էր խավարի մեջ, Արմենն ուղղաթիռով էլեկտրաագրեգադ հասցրեց, ու մեր բնակարանները լույսով ողողեց: Բնակչությունը մերկ էր, քաղցած, այստեղ էլ նրա ձեռքը հասավ: Թշնամու հսկողության ներքո մեզ հասցրեց հագուստ, սնունդ, դեղորայք, զենք-զինամթերք,որն այդ օրերին խիստ անհրաժեշտ էր մեզ: Նրա հետ մենք այնպես էինք մտերմացել,որ յուրային էինք համարում: Բոլորը նրան Բերդաձորի Արմեն էին կոչում»:

Այս անվերջանալի թվացող կռվում երբեք իրեն  չխնայեց: Մասնակցեց Շուշիի, Լաչինի ազատագրմանը, Խոջալուի, Ֆիզուլիի մարտական գործողություններին: Նոր էր վերադարձել Մարտակերտից, երբ Շենգավիթի շրջանում եռամսյա զորահավաք անցկացվեց: Առանց հապաղելու 1994 թ. հունվարի 20-ին իր վաշտով մեկնեց Մարտակերտ: Ցավոք, այդ մարտը վերջինը եղավ 31-ամյա Արմենի համար:

1996 թ. սեպտեմբերին քաջ հայորդին ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից պարգևատրվեց «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Մայրական երախտագիտություն» և «Խիզախության» մեդալներով:

1999 թ. հոկտեմբերի 22-ին Էրեբունու շրջանի թիվ 194 հիմնական դպրոցը, որտեղ տասը տարի շարունակ ուսման գերազանցիկ է եղել ազատամարտիկը, անվանակոչվեց Արմեն Հովհաննիսյանի անունով: Դպրոցի բակում հերոսի բրոնզաձույլ կիսանդրին է, պատին` Արմենի ու դպրոցի յոթ զոհված սաների անուններն ամփոփող հուշատախտակը, իսկ դպրոցի փառքի սրահում նրա անձնական արխիվն իր առանձնակի տեղն ունի: Այնպես որ Արմենի ներկայությունն այստեղ ամենուր է, իսկ նրա  ծննդյան ու մահվան օրերն արդեն 19 տարի է, ինչ  նշվում են արիության դասերով:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 4944 անգամ:
Print Friendly

Leave a Reply