ԱՐԳԻՇՏԻ Առաջին, որն այստեղ մեծ գործեր կատարեց և կառուցեց Էրեբունի ամրոցը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 23, 2013 15:00

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»

Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր:

Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը:

Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորը ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:

Եվ ահա այս պայմաններում հայոց թագավորը անցնում է արտաքին նվաճումների:

Բնականաբար, հայոց արքան գիտակցում էր, որ իր գլխավոր ախոյանը հենց Ասորեստանն է, սակայն նա իր հարվածը ուղղակի Ասորեստանին չհասցրեց, այլ արշավեց հարավ-արևելք և նվաճեց Ասորեստանի գերիշխանության տակ գտնվող Մանա, Բուշտու, Պարսուա երկրները: Տիրելով դեպի արևելք շարժվող առևտրական ուղիներին` նա Ասորեստանին մեծ տնտեսական հարված հասցրեց: Առհասարակ նրա արտաքին քաղաքական ձեռնարկումները վկայում են, թե որքան մեծ նշանակություն էր տալիս միջազգային տարանցիկ առևտրին: Նա կարողացավ իր հսկողությունը սահմանել Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր գլխավոր առևտրական ուղիների վրա:

Դա չէր կարող հանդուրժել Ասորեստանը, որ Արարատյան թագավորության գլխավոր ախոյանն էր և 781 թ. ասորական բանակը նախահարձակ է լինում` փորձելով կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն` անցնելով Զագրոսի լեռները:

Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավեց բուն Ասորեստանի վրա և նվաճելով իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը` ընդհուպ մինչև Բաբելոն ընկած երկրները: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։

Նա ոչ միայն նվաճեց Ասորեստանի հետ համագործակցող, դաշնակից երկրները, այլև ծանր հարված հասցրեց հենց Ասորեստանին: Այնքան ահարկու էր այդ հարվածը, որ ասորեստանյան արշավանքից մեկ տարի անց Արգիշտին արդեն կարող էր իրեն թույլ տալ արշավել իր տերության հյուսիսային մասում  գտնվող երկրների վրա`  նվաճելով այդ տարածաշրջանը:

Ըստ էության` ավարտելով իր նվաճումները` ծնկի բերելով իր դարավոր ախոյանին` Արգիշտի Ա-ն անցավ իր երկրի ամրապնդմանը և ներքին կյանքի կայունացմանը:

Որպեսզի ավելի ամուր լինեն սահմանային ծայրագավառները, նա այնտեղ բերդաքաղաքներ կառուցեց, ռազմական հենակետեր ստեղծեց, Հայաստանի ծայրագավառներից շուրջ 200.000 մարդկանց վերաբնակեցրեց այլ գավառներում` դրանով իսկ թուլացնելով այդ շրջանների իշխանավորներին և կենտրոնական իշխանությունը ապահովագրելով ապստամբություններից:

Ապա Արգիշտին անցավ խաղաղ շինարարական գործունեության: Դեռ գահակալության սկզբին` մ.թ.ա. 782 թ., նա Արարատյան դաշտում կառուցեց Էրեբունի հզոր բերդաքաղաքը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Արգիշտին այստեղ Հայաստանի Խաթե և Ծուպա երկրամասերից շուրջ 6600 հոգի վերաբնակեցրեց: Որպես քաղաք` Էրեբունին իր ժամանակների համար ուղղակի կատարյալ էր: Այն բարձր և իշխող դիրք էր գրավում շրջակա միջավայրի վրա. պատված էր ամուր պարիսպներով, բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններն առկա էին, տեղանքն ուներ բարենպաստ կլիմա, գտնվում էր հարուստ տնտեսական շրջանում:

Եվ իրոք, ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, Էրեբունին զարգացած, հարուստ ու շեն քաղաք է եղել: Այնտեղ եղել են արքայական պալատներ, տաճարներ, հարուստ ամբարներ, զինանոցներ…

Էրեբունիից հետո` մ.թ.ա. 776 թ., Արգիշտի Ա-ն դարձյալ Արարատյան դաշտում կառուցեց մեկ այլ քաղաք ևս և կոչեց իր անունով` Արգիշտիխինիլի, որը ներկայիս Արմավիրն է: Այս երկու քաղաքների կառուցումը վկայում է, թե որքան մեծ կարևորություն էր տալիս հայոց արքան Արարատյան դաշտին` համարելով, որ ի վերջո հայության քաղաքական, տնտեսական կենտրոնը հենց սա է լինելու: Պատմությունը ցույց տվեց, որ Արգիշտի Ա-ն չէր սխալվել: Այսպիսով Արգիշտի Ա-ն եղավ միակ հայ գահակալը, որի կառուցած երկու քաղաքները դարձան Հայաստանի մայրաքաղաք: Սակայն դա եղավ նրա մահվանից հարյուրամյակներ անց. Արգիշտիխինիլի-Արմավիրը` մ.թ.ա. V դարում, երբ Հայաստանում գահ բարձրացավ Երվանդունի արքայատոհմը, իսկ Էրեբունի-Երևանը` 1828 թ., երբ կազմավորվեց Հայկական մարզը:

Քաղաք լինելուց զատ` այն նաև ռազմա-վարչական կենտրոն էր, որ միտված էր ծառայելու որպես ռազմաբազա, հսկելու հյուսիսային շրջանների պաշտպանությունը:

Արգիշտի Ա-ն մահկանացուն կնքեց մ.թ.ա. 764 թ.` 22 տարի գահակալելուց հետո, իր հաջորդին և որդուն` Սարդուրի Բ-ին թողնելով հզոր ու բարգավաճ երկիր` Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը` Արարատյան թագավորությունը: Նրա մարմինը ամփոփված է պետության գլխավոր հոգևոր կենտրոնում` Մուսասիրի տաճարում, որտեղ աստվածների արձանների կողքին կանգնեցված է եղել նրա երկու տոննանոց բրոնզաձույլ արձանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 13331 անգամ:
Print Friendly

Leave a Reply