«Պետք է միավորվել ոչ թե «շուրջ», այլ «հետ»` կլոր սեղանի մոդելով». Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2013 13:14

Այսօր Ելակետ մամուլի ակումբում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վերլուծեց ներքաղաքական զարգացումները:

Խոսելով «Բարևի» շարժման մասին` Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, թե ժողովուրդը ցույց տվեց, որ կմիավորվի ընդդիմադիր առաջնորդի շուրջը: Տվյալ դեպքում, ըստ բանախոսի, անձը կարևորություն չուներ:

Վերլուծելով վերջերս տարածված այն կարծիքը, թե հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի` Մոսկվա կատարած այցից հետո ժողովրդի մի զգալի մասը հիասթափվեց նրա շարժումից, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը նկատեց, որ ընդհանրապես ցանկացած փնտրտուք տեխնոլոգիայի մեջ  միշտ հանրության մի զանգվածի հետ է մղում` դրանք այն մարդիկ են, ովքեր կայունության կարիք ունեն քաղաքական իմիջի հարցերում:

«Իրականում, պետք է միավորվել ոչ թե «շուրջ», այլ «հետ»` կլոր սեղանի մոդելով: Եթե Րաֆֆու շարժմանը այս սկզբունքով միանային, ապա ընդհանուր կլիներ նաև պատասխանատվությունը, իսկ ներկայիս վիճակը «մեղավոր փնտրել է» հիշեցնում: Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանին փրկչի դերակատարություն էր վերագրվել, դրան բնականաբար պետք է հաջորդեր հիասթափությունը, – ասաց բանախոսը և հավելեց,- «Բարև Երևան» դաշինքը, առհասարակ,  համարում եմ դրական ուժ, որը ճիշտ ճանապարհով է գնում: Այս դաշինքը ամենից քիչ է քաղաքականացված, ինչն էլ պետք է համայնքին: Քաղաքացիական հասարակության խմբերը քաղաքական շահի կրող չեն, այլ որևէ սոցիալական խմբի շահերի կրող: Համայնքի համար սա է ամենակարևորը»:

Դիտվել է 1840 անգամ:
Print Friendly

Leave a Reply