Սերժ Սարգսյան. «Մենք գտնվում ենք դեռևս վերականգնման փուլում»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 14, 2010 17:33

Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում առավել
քննարկվող թեման կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներն են` պայմանավորված Վաշինգտոնում ընթացող Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում Սարգսյան-Էրդողան հանդիպմամբ: Անգամ երկրորդ պլան մղվեցին հայ-ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, ինչի պատճառը թերևս նաև այդ հանդիպումների մասին կցկտուր պաշտոնական տեղեկատվությունն էր:

Ընդ որում, հայ-թուրքական թեման ներքաղաքական դաշտում գերիշխում էր նաև
վաշինգտոնյան հանդիպումներից առաջ, նաև ապրիլի 9-ին, երբ լրացավ Հանրապետության նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ տարին, ինչին գրեթե անդրադարձ չեղավ: Մինչդեռ արդյունքների ամփոփումը, թերևս, կարող էր հետաքրքիր լինել այնքանով, թե ինչ չափով է հաջողվել մեղմել երկրում 2008 թ. մարտյան ողբերգական դեպքերից հետո ստեղծված ներքաղաքական լարվածությունն ու անհանդուրժողականության
մթնոլորտը:

Ապրիլի 9-ին Տավուշի մարզ այցելած Ս. Սարգսյանը, անդրադառնալով,
մասնավորապես, երկրի տնտեսական վիճակին, կարծիք էր հայտնել, թե «այսօր մենք գտնվում ենք վերականգնման փուլում, որովհետև արդեն երրորդ ամիսն է՝ նկատվում է տնտեսական աճ»: Նա նշել էր նաև, որ իշխանությունները ստիպված էին մի կողմից դիմակայել երկրի տնտեսության անկմանը, մյուս կողմից անել այնպես, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները «շատ ծանր չլինեն մեր քաղաքացիների և առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի համար»: «Կարծում եմ ակնհայտ է այն, որ կառավարությանը հաջողվեց չկրճատել սոցիալական որևէ ծրագիր, չուշացան աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները։ Սա, իհարկե, շատ դրական երևույթ եմ համարում»,- ասել էր նա: Երկրի ղեկավարը նշել էր նաև, որ երկու ամսում տնտեսությունն ունեցել է 3,1 տոկոս աճ, ինչը համարյա այնքան է, ինչքան 2008 թ. առաջին 2 ամիսներին։ Նրա գնահատմամբ, բավականաչափ աշխատանք է կատարվել, ինչը գնահատվել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից: «Իհարկե, սա բավարար չէ, որովհետև մենք գտնվում ենք դեռևս վերականգնման փուլում, և պարտավոր ենք իրականացնել նոր ծրագրեր և անպայման հաշվետու լինել նախկինում կատարված ծրագրերի մասով, քանի որ այդտեղ ևս ճգնաժամն ուղղումներ է մտցրել»,-հավելել էր Ս. Սարգսյանը։

Նույն օրն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցներում` գնահատելով
Ս. Սարգսյանի երկամյա պաշտոնավարման արդյունքները, նրա կուսակից,
Հանրապետական կուսակցության փոխնախագահ և ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Իհարկե, մենք, կարծում եմ, այսօր կայունության շրջան ենք ապրում, և դա հիմնական գրավականն է, որ մենք առաջիկայում կունենանք և տնտեսական զարգացումներ, …եթե ֆորսմաժորային երևույթներ չառաջանան երկրի ներսում, մենք կհասնենք մինչև ճգնաժամն ունեցած մեր արդյունքներին, և սա բավականին լուրջ նվաճում կլինի»: Երկրի արտաքին քաղաքականության ոլորտում առկա ձեռքբերումների մասին խոսելիս նա նշեց. «Մենք վերջին տարիներին արդեն մասնակից ենք դառնում միջազգային հանրության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ ընդունվող որոշումներին: Սա ես համարում եմ վերաբերմունք մեր պետության և հանրապետության նախագահի նկատմամբ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց արտաքին քաղաքական ոլորտում հանրապետության նախագահի նախաձեռնությունները, հատկապես` «հայ-թուրքական գործընթացը բնականոն հունի մեջ դնելու նախաձեռնությունը»:
«Ի վերջո` իրապես լուրջ քաղաքական կամք էր պետք սկսելու այդ գործընթացը, կարելի էր դա չանել և այդ բեռը թողնել հաջորդ սերունդների վրա, բայց մենք հասկանում ենք, որ ապրում ենք XXI դարում և պիտի առաջնորդվենք XXI դարին հարիր խաղի կանոններով, այն է `բնականոն հարաբերություններ ունենալ հարևանների հետ»,- ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, «շատ ակտիվ բանակցային գործընթացի մեջ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը», և Հայաստանի իշխանությունը հստակ արձանագրում է, որ այդ խնդիրը կարող է ունենալ մեկ հիմնարար լուծում. ցանկացած փոխզիջում պետք է քննարկվի միայն ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելուց հետո:

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա, ըստ Ն. Զոհրաբյանի, 2008 թ. երկրում տեղի ունեցած մարտիմեկյան ողբերգության հետևանքով ներքաղաքական լարվածությունը տևական ժամանակ պահպանվեց, սակայն ակնհայտ է նաև, որ իշխանությունների կողմից արվում են հստակ քայլեր այդ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա կարևորեց նաև քաղաքական մշակույթում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` հանրային հնչեղություն ունեցող ցանկացած կարևորագույն հարց հասարակական լայն քննարկման դնելը ոչ միայն Հայաստանում, այլև, ինչպես դա եղավ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, Սփյուռքում:

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատմամբ, «այսօր ներքաղաքական իրավիճակը, ինչ խոսք, մեղմվել է և բավականին խաղաղ ու կայուն է», իսկ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը «նույնիսկ կարելի է շատ լավ գնահատել, որովհետև մենք այստեղ առաջընթաց ունենք վերջին 20 տարվա ընթացքում»:

Խմբակցության մեկ այլ ներկայացուցչի` Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ, Ս. Սարգսյանն անգամ ֆինանսատնտեսական այս ծանր իրավիճակում կատարեց իր խոստումը` կապված աղետի գոտում բնակարանաշինության և մի շարք այլ սոցիալական ծրագրերի ֆինանսավորման և իրականացման հետ: Ըստ նրա, Ս. Սարգսյանի վարած «կառուցողական և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններից դուրս արժանանում է բարձր գնահատականի»:

«Այս ընթացքում որևէ առաջխաղացում չենք նկատել, մարտի 1-ի հանգուցալուծումն այդպես էլ չի եղել, չեն բացահայտվել սպանությունների պատվիրատուները, կատարողները, երկրում քաղբանտարկյալներն ինչպես եղել, այնպես էլ մնում են, դատական համակարգն ուղղահայաց հրահանգներով է շարունակում կարգավորվել, ընտրական գործընթացները չեն աշխատում, բարեփոխումները տնտեսական ոլորտում չեն իրականանում, արտաքին մարտահրավերները համապատասխան ձևով չեն պատասխանվում»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ, «դրական որևէ գնահատական այս պահի դրությամբ» իրենք չեն կարող տալ:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց. «Ես երբեք չեմ համարել, որ գործող նախագահը մեծ փոփոխություններ բերող մարդ է, չեմ ունեցել ոգևորություններ հասկանալի պատճառներով, որովհետև չենք սատարել նրան երբևէ, նաև չունենք շատ մեծ հիասթափություններ մեր սպասումների չարդարացվածության կապակցությամբ»:

Ս. Սարգսյանի կոալիցիոն նախկին գործընկեր, իսկ այժմ ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ նկատեց. «Եթե մենք խոսում ենք երկրի ներսում այնպիսի սուր դրսևորումների մասին, որոնք կային մինչև նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, ապա, այո’ , այս ուղղությամբ որոշակի մեղմացում եղել է, բայց դա ոչ թե գործադրված ջանքերի արդյունքում է, այլ հասարակության մեջ երևույթների հանդեպ որոշակի վերաբերմունքի փոփոխություն է, նաև , թեկուզ մասնակի, համաներման արդյունքն է»:

«Երկու տարիներն ակնհայտորեն նաև մեկ այլ ուղղությամբ լարվածությունն ուժեղացրին. արտաքին հարաբերությունները և նախաձեռնողական քաղաքականությունը հանգեցրին նրան, որ այսօր յուրաքանչյուր հայ, լինի Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, ավելի լարված վիճակում է, քան էր մինչ նախագահ Սարգսյանի այդ պաշտոնի ստանձնումը»,- ասաց նա: Ըստ նրա, այլ կերպ ասած, այստեղ ունենք «գրեթե գերլարվածություն, ունենք լարվածություն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ինչը բացասական ազդեցություն է թողնում նաև ներքաղաքական կյանքի վրա»։

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply