Հայկական հիփոթեքային շուկայում աշխուժություն է սպասվում. կառավարությունը կտրամադրի ամենաքիչը 10 մլրդ դրամ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | June 22, 2009 19:45
Կառավարությունն այս տարի առնվազն 10 մլրդ դրամ է ուղղելու հիպոթեքային շուկայի վերաֆինանսավորմանը, իսկ 25 մլրդ դրամ`շինարարությանը, ինչը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի կարծիքով, կաշխուժացնի այդ շուկան:
Ընթացիկ տարվա հունվար– մայիս ամիսներին ՀՀ տնտեսությունում գրանցված 15.7 տոկոս անկման 12 տոկոսը վերաբերում է շինարարության ոլորտին, ինչն էլ անմիջականորեն ազդել է հիփոթեքային շուկայի վրա:
2009թ. պետական բյուջեով հաստատված միջոցներով` ԿԲ-ն ստեղծեց Ազգային հիպոթեքային ընկերություն` 5 մլրդ դրամ կապիտալով:
«Ընկերությունը միլիարդանոց նախագծեր չի ֆինանսավորելու: Իսկ դա նշանակում է, որ հիպոթեքային շուկան զարգացնելու ենք միջին խավի համար և այդ ուղղությամբ երկարատև միջոցներ ենք տրամադրելու»,- ասում է Գաբրիելյանը:
Հայաստանում 2006թ· մարտից գործում է նաև «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միություն» (Միություն) շահույթ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունը, որի հիմնադիրներն են «Հայէկոնոմբանկ»-ը, «Զարգացման հայկական բանկը», «Ինեկոբանկ»-ը, «Հայինվեստբանկ»-ը, «Յունիբանկ»-ը: Միությանն անդամակցում են նաև վարկային կազմակերպություններ, անշարժ գույքի գործակալություններ, ապահովագրական և շինարարական ընկերություններ:
«Միության հիմնական նպատակը հիփոթեքային շուկայի զարգացման պայմանների ստեղծումն է, ոլորտի գործընթացներում շահագրգիռ կողմերի մասնակցության և դերակատարության ապահովումը»,-այսօր Միության անդամների տարեկան ընդհանուր ժողովում ասաց Միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը:
Միությանն աջակցում է Հայաստանում գերմանական «KfW» զարգացման բանկը: Բանկի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը հայտնեց, որ բանկը կշարունակի Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման ֆինանսական և տեխնիական աջակցությունը:






Facebook
Tweet This
Email This Post
