Մշակութային սով, որ ծնում է հոգեբանական տառապանք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 17, 2010 14:10

«Այսօր  մեզ մատուցում են բացարձակապես ճաշակ չձևավորող, չկրթող, չդաստիարակող, չզարգացնող և մարդուն պահանջկոտ չդարձնող մշակութային կերակուր: Մեր օրերի մշակույթով մարդը հետընթաց է ապրում, մինչդեռ, մշակույթի առաքելությունը մարդուն  վեհացնելն է»-ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

Պատկերն այլ կլիներ, եթե այսօրվա «մշակութային խոհարարները», ասենք` ֆոնոգրամայով երգողներն  ու բթամիտ  խոսքերի, ինչպես նաև  երգերի հեղինակները,  օժտված լինեին համային զգացողությամբ, խոսքը  տաղանդի մասին է: Այս դեպքում մշակութային կերակուրը կմատուցվեր հոգին մաքրող ու գեղագիտական հաճույք պատճառող համեմունքներով: «Գռեհկաբանությունն այսօր մատուցվում է որպես արվեստ: Այն մարդիկ, ովքեր կարող են մաքրել մշակութային աղբը, մի տեսակ համարձակ չեն, քանի որ մտավախություն ունեն, որ  շրջապատի կողմից  բարձրակարգ արվեստը չի ընկալվի»:

Մեր օրերում ավելի շատ տարածված է էկրանային, քան թե  գրքի ու ընթերցանության մշակույթը: Գաղտնիք չէ, որ էկրանն իր տեսակով  ազդեցիկ դեր ունի անհատի ձևավորման հարցում: Տնտեսագիտության մեջ հայտնի օրենքը` պահանջարկն է ձևավորում առաջարկը,  անգիտակցաբար որդեգրել են նաև հեռուստաընկերությունների ղեկավարները և իրենց ցածրակարգ ծրագրերի ողջ մեղքը բարդում են հեռուստադիտողի վրա, «այսօրվա պահանջարկը սա է» խոսքերը զենք  դարձնելով` հասարակությանը հասցրել են մշակութային չքավորության:

Իրականում, հեռուստաեթերը ճաշակ թելադրելու ու դաստիարակելու առաքելությունն ունի:  Ուստի, խեղաթյուրված  մշակութային արժեհամակարգի մեղավորներից է նաև նույն կապույտ էկրանը, որը մտավորականին ներկայացնում է խեղճ,  կիսախելագար ու  աղքատ  կերպարով:  Իսկ նույն մտավորականի կողքին անգրագետ, փողատեր ու թաղային հեղինակությունը ներկայանում է որպես հերոս, որպես ուժ: Հեռուստաէկրանը մեղավոր է նաև գրական հայերենի մոռացության և ժարգոնային արտահայտությունների տարածման հարցում:  «Տարեցտարի իմ ուսանողների հետ  գրական հայերենով խոսելը դառնում է անհնարին, նրանց համար դա անհասկանալի է: Անցանկալի երևույթի պատճառը բարձրակարգ մշակույթից ու ընթերցանությունից հեռանալն է, որի հետևանքը անգրագիտությունն է: Տարիներ հետո բարձրակարգ մշակույթը կդառնա անընկալելի»,- ասում է հոգեբանը:

Շնչահեղձ մշակութային միջավայրում պակասում է նաև  դերասանական  ուժի  հետ ճիշտ աշխատելու մեխանիզմը: Տաղանդավոր մարդիկ կորչում են այս մշակութային ճգնաժամում: «Շատ ափսոսում  եմ հեղինակավոր դերասաններին, ովքեր ստիպված խաղում են ցածրակարգ նախագծերում, ձուլվում են այդ միջավայրին և կորցնում  իրենց անհատականությունը: Գրողի գործերը կարող են չհրատարակվել,  բայց թղթին հաձնած ստեղծագործությունները  նա կարող է  տարիներ հետո ընթերցողի դատին ներկայացնել, իսկ դերասանը պետք է խաղա: Գրողը կարող է իր թուղթն ու գրիչն ունենալ, իսկ դերասանը չի կարող սեփական բեմն  ու տեսախցիկն ունենալ»:

Նրբաճաշակ, կիրթ մարդն իր էությամբ պահանջկոտ է, նրա համար  անընդունելի է նյարդայնացնող գռեհկաբանությունը: Մշակութային սովը նման մադու համար սթրեսածին է, որը հասցնում է հոգեբանական տառապանքի: «Մարդը կենցաղային, գործնական և այլ  պահանջմունքներ բավարարելուց հետո, ունի նաև մշակութային պահանջմունք: Չմոռանանք նաև մեր սոցիալական վիճակի և մշակութային օջախների մուտքի տոմսերի արժեքի մասին, որը մեր օրերի համեստ պայմաններում ապրող  մտավորական մարդու համար անմատչելի է: Ցավալի է, բայց տոմսերի գները նման մարդկանց անձնական բյուջեին մեծ հարված են հասցնում: Մշակութային ճգնաժամում սոցիալական գործոնն  իր սև  գործն անում է: Իսկ այս դեպքում մարդու կյանքում տառապանքի տարրերն անխուսափելի են»:

Անվճարունակությունը մարդուն  ստիպում է նայել այն, ինչ մատուցվում է հեռուստաէկրաններից: Երևույթի հետևանքը խզումն է սերունդների միջև: Նոր սերնդին թվում է, թե արվեստն այն է, ինչ մատուցվում է էկրաններից, և ծնողներին հետամնաց է համարում: «Մշակութային սովի պայմաններում սերունդ ենք կորցնում,  քանի որ իրական արվեստի բացակայության դեպքում նրանք չեն կրթվում ու  դաստիարակվում: Երևույթը հայի համար կորստաբեր է, առանց այն էլ քիչ ենք, իսկ ամուր լինելու համար որակ է պահանջվում»:

Մշակույթից հեռացած մարդը դառնում է տգետ ու անկիրթ, շրջապատի համար  նաև վտանգավոր, ագրեսիվ, անհանդուրժող: Մշակույթը ոչ միայն զարգացնում է  մարդու գեղագիտական ընկալումները,  գիտելիքներն ու ճաշակը, այլև` օժտված է հոգին  մաքրելու ուժով: «Գիտելիքի և բարոյական վարքի միջև անմիջական կապ գոյություն ունի: Մարդն ինչքան կիրթ ու դաստիարակված է, այնքան նրա վարքն ավելի բարոյական է: Օրինակ` նման մարդիկ չեն անպատվի դիմացինին, կոպիտ քայլերի չեն դիմի, չարիք չեն գործի, եթե նույնիսկ այդ պահին ագրեսիվ են դառնում, միևնույն է, ինքնազսպման մեխանիզմներն ավելի լավ են գործում: Նման մարդկանց ներկայությունը սոցիալական միջավայրը դարձնում է կիրթ ու բարոյական: Ավելի տհաճ բան չկա, քան այն, որ այսօր ոտքի է ելել անգրագիտությունն  ու պայքարում է գրագիտության դեմ: Այս մարտնչող տգիտությունը շատ վտանգավոր է:  Մի լավ խոսք կա, ասում են` ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր  չլիներ»:

Մշակութային սովն իր հետ բերում է նաև կենցաղային մշակույթի անկում, այս հարցում նույնպես «գերազանց» վիճակում ենք: «Ամեն ինչ շղթայական ռեակցիայով շարունակվում է: Այնպես որ, մշակութային սովն իր հետ շատ վնասներ ու կորուստներ է բերում: Մշակույթը, իդեալներն ու մոդելները արժեզրկվել են: Հարկ է ներկայացվող մշակույթի նկատմամբ շատ զգույշ լինել»:

Ինչ որ ունենք այսօր, նույնպես մշակույթ է, բայց ցածրակարգ ու անբովանդակ, թիթեռի կյանք ունեցող: «Մշակութային գործիչը պետք է շատ պատասխանատու մարդ լինի: Մշակույթի դռներն ամեն մեկի առաջ չպետք է բաց լինեն, ամեն մարդ իրավունք չունի իրեն արվեստագետ ու մշակութային գործիչ համարելու: Այսօր ով մշակույթի հետ առընչվում է, իրեն արվեստագետ է համարում, մինչդեռ արվեստագետ դառնալու համար շատ արժանիքներ պետք է կուտակել, որի ճանապարհը բարդ է ու դժվարին: Ցավոք, այսօր այդ ճանապարհը ազատ է ու դյուրին: Մշակութային գործիչը մոդելային մի բան է, որն այսօր չունենք»:

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply